«Մաթեմատիկա» առարկայի ուսումնական ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022 ուստարի

Մաթեմատիկա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ծրագրի իրականացումը կազմակերպվում է առկա, հեռավար, առցանց-ընտանեկան ձևերով:

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, առարկայական  ֆլեշմոբերի, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ դասարանական օրացույցի հիման վրա:

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների, միջոցների և գործիքների (նոթբուք-նեթբուք, ժամացույց, վայրկյանաչափ, քանոն, մետր, համրիչ, հաշվեձողիկներ, այլ դիդակտիկ նյութեր) կիրառմամբ:

Դասարանական բլոգըմեդիագրադարանը, դպրոց-պարտեզների ենթակայքերը, կրթահամալիրի կայքը, ուսումնական այլ կայքեր սովորողին ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով:

Ծրագրի ուսուցումը կազմակերպվում է առարկայական բաղադրիչների ինտեգրումով: Ստորև ներկայացված է 2021-2022 ուստարվա մաթեմատիկա առարկայի ուսումնական ծրագիրը:

Մաթեմատիկան եղել է ու կա շրջակա աշխարհի ճանաչման միջոց, գործիք, որն օգնում է կյանքում և տարբեր ոլորտներում հաշվարկներ և հետազոտություններ անել:

Տարրական դպրոցի մաթեմատիկա առարկայի նպատակներն են`

  • սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն,
  • կռահելու կարողություն, փաստարկները ճիշտ և հետևողականորեն կառուցելու, մտքերը ճշգրիտ և պարզ արտահայտելու ունակություններ,  
  • իրավիճակը քննադատաբար գնահատելու, վերլուծելու կարողություններ,
  • զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը, հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը,
  • սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ:

Առաջին դասարան

Խնդիրներ՝

  • Ձևավորել առարկաները ճանաչելու, համեմատելու, փոխդասավորությունը նկարագրելու, հավաքածուներ կազմելու  կարողություններ:
  • Ծանոթացնել միանիշ և երկնիշ բնական թվերի հետ, սովորեցնել դրանք գրել և կարդալ, դրանց հետ գումարման և հանման գործողություններ կատարել:
  • Թվերն օգտագործել հաշվում, համարակալում, չափում պահանջող կիրառական խնդիրներ լուծելիս և գործնական առաջադրանքներ կատարելիս:
  • Ծանոթացնել երկրաչափական մարմինների և պատկերների հետ:
  • Զարգացնել տարածականության պատկերացումները:
  • Սովորեցնել պարզ աղյուսակներից օգտվել:

Բովանդակություն՝

  1. Թվեր, թվային համակարգեր
    • Կարդալ և գրել միանիշ, երկնիշ թվերը (առաջ և հետ, տարբեր քայլերով, կամայական թվից սկսած)
    • Ճանաչել զույգ և կենտ թվերը
    • Տարբերակել միանիշ և երկնիշ թվերը
    • Որոշել տրված թվին նախորդող հաջորդող թվերը
    • Որոշել երկու թվերի միջև գտնվող թիվը
    • Համեմատել թվերը
    • Իմանալ թվերի կազմությունը (միանիշ թվեր)
    • Հասկանալ թվերի կարգային կազմությունը (երկնիշ թվեր)
    • Կռահել առարկաների մոտավոր քանակը (քանակի մոտավոր գնահատում, աչքաչափ)
    • Հասկանալ կեսի գաղափարը
    • Իմանալ և կիրառել թվերը գումարելու և հանելու հնարքներ
  2. Գործողություններ. գումարում և հանում
    • Ճանաչել և կիրառել +, -, =, <, > նշանները
    • Կարդալ մեկ, երկու գործողություն պարունակող թվային արտահայտությունը
    • Կազմել թվային արտահայտություն, հավասարություն և անհավասարություն
    • Միանիշ թվերը գումարել և հանել (առանց կարգային անցումների, կարգային անցումներով)
    • Իմանալ և կիրառել գումարման տեղափոխական օրենքը
    • Կիրառել 0-ի հատկությունները գումարման և հանման գործողություններում
    • Հավասարությունում գտնել անհայտ գումարելին, նվազելին, հանելին (ընտրության եղանակով)
    • Երկնիշ թվերը գումարել և հանել (առանց կարգային անցումներին)
    • Կռահել օրինաչափությունը և շարունակել թվային շարքը
  3. Ձև և տարածություն
    • Ճանաչել և անվանել երկրաչափական պատկերները
    • Ճանաչել և անվանել երկրաչափական մարմինները
    • Երկրաչափական պատկերներով (մարմիններով հավաքել) կառուցել պատկերներ
    • Գծել հատվածներ, անվանել դրանք, դրանցել երկարությունը
    • Ծալելով երկրաչափական պատկերները բաժանել երկու հավասար մասի
  4. Տվյալների հավաքագրում, ներկայացում, ընթերցում
    • Որոշել առարկայի դիրքը տարածության մեջ (ներքև-վերև, բարձր-ցածր, աջ-ձախ, տակ-վրա-միջև, մոտ-հեռու)
    • Կազմել հավաքածուներ/բազմություններ ըստ ընդհանուր հատկանիշի (գույն, ձև, նյութ)
    • Համեմատել հավաքածուները զույգեր կազմելու միջոցով՝  նույնքան,  շատ,  քիչ:
    • Համեմատել և դասավորել առարկաները ըստ չափսի, քանակի, դիրքի (ավելի մեծ-ավելի փոքր, ավելի շատ-ավելի քիչ, ավելի երկար-ավելի կարճ, ավելի բարձր-ավելի ցածր, ավելի լայն-ավելի նեղ)
    • Տվյալները ներկայացնել աղյուսակների (դիագրամների) տեսքով
    • Տվյալներ կարդալ աղյուսակներից (օրացույց, դասացուցակ)
  5. Չափումներ. երկարություն, զանգված, տարողություն, ժամանակ, ջերմաստիճան, դրամ
    • Քանոնի օգնությամբ չափել և գծել հատվածներ
    • Կատարել չափումներ (երկարություն, զանգված) և համեմատություններ օգտվելով չափման ստանդարտ և ոչ ստանդարտ գործիքներից
    • Իմանալ և անվանել երկարության չափման միավորները (մմ, սմ, մ)
    • Իմանալ և անվանել ժամանակի չափման միավորները (վայրկյան, րոպե, ժամ, օր, շաբաթ, ամիս, տարի,դար)
    • Օգտվել օրացույցից, ժամացույցից (ամբողջական ժամեր), ջերմաչափից, գնացուցակից
    • Հաշվել դրամը (մինչև 100 դրամ)
    • Ավելացնել և պակասեցնել դրամը
    • Դրամը ներկայացնել մանր մետաղադրամներով

Խնդիրներ

Խնդիրների լուծումը վերաբերում է ցանկացած թեմաների: Խնդիրների միջոցով սովորողներն ավելի լավ են ընկալում, յուրացնում թեմաները:

Կարևոր է նաև, որ սովորողները շատ խնդիրներ կազմեն:

Ուսումնական տարվա ընթացքում կարևոր է օրինաչափությունների բացահայտմանը, տարածական կողնորոշմանը, հիշողության զարգացմանն ուղղված աշխատանքները:

Երկրորդ և երրորդ դասարանների բովանդակությունը լրամշակման փուլում է

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում գնահատումը գնահատանիշով չի իրականացվում: Սովորողի գնահատումը արձանագրվում է զարգացման բնութագրում:

Ուսումնական ռեսուրսներ

Լուսինե Փաշայանի մաթեմատիկական առաջադրանքների փաթեթները՝

1-ին դասարան

2-րդ դասարան

3-րդ դասարան

Օգտագործված ռեսուրսներ՝

Թողնել մեկնաբանություն