Հայացք բարձունքից․Վերելքի ընթերցումների ընտրանի․1-3-րդ դասարանների համար

Մեղու

Ա.Խնկոյան

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս: 

Լուսաբացին

Հ.Թումանյան

Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Առավոտը գյուղում

Ղ.Աղայան

Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկչում է
Ծլվլալով.
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Քամին ու մժեղը

Ա.Խնկոյան

Արևն անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:

Կանանչ ախպեր

Հ․Թումանյան

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Մանուկն ու ջուրը
(ժողովրդական)

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Թռչունի մտածմունք

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
              Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
              Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
              Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
              Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
              Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
              Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
              Էլ չեմ հասկանում։

Հովվի անկողինը

Ղազարոս Աղայան

Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը գլխակալ.
Մի հին կարպետ ուսերին,-
Այս է հովվի անկողին:

Երբ անձերվ է կաթկտում,
Եվ կարպետը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ,
Քունդ անու՜շ…

Թողնել մեկնաբանություն