Ազգային խաղեր

Ցանկ

  1. Ի՞նչ եք անում
  2. Խնոցի-հարոցի
  3. Ծիտը քարին
  4. Մածուն ծախեմ
  5. Խաշիլ ճաշ
  6. Մուկն ու կատուն
  7. Մուկ-կատու
  8. Գայլն ու ոչխարները
  9. Գործնագործ
  10. Աղջիկ փախցնոցի
  11. Ես՝ բարձր, դու՝ ցածր
  12. Աչքկապուկ
  13. Զանգակի խաղը
  14. Ճլոթ
  15. Կարմիր կոճակ
  16. Գնդակ թռցնել
  17. Յոթ քար
  18. Հինգ քար
  19. Մատներ
  20. Ժամը քանի՞սն է
  21. Մամի, մամի
  22. Նանի, նանի
  23. Ժնջիլ, ժնջիլ
  24. Ծուղրուղու
  25. Պուճաղ-պուճաղ
  26. Պուտ-պուտ
  27. Համրախաղ
  28. Գող և փաշա
  29. Թաթիկ-լաթիկ
  30. Արդար-մեղավոր
  31. Հինգ այծատեր
  32. Դաշտի չոբան
  33. Ոչխար-ոչխար
  34. Գել – գել
  35. Վերևի՞նը, թե ներքևի՞նը
  36. Ալիս-պալիս
  37. Կաղին խաղալ
  38. Աղվեսուկ

 

Զատկական խաղեր

  1. Ձուկոտրոցի
  2. Ձուգլդորիկ
  3. Ձուպտտոցի
  4. Աքլորակռիվ
  5. Ամենաուժեղ թռչունները
  6. Արագաշարժ թռչունները
  7. Ճարպիկ թռչունները
  8. Արագակեր ձագուկ
  9. Պահիր մայր թռչունին

Ի՞նչ եք անում…

Երեխաները չարխափաններով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով շրխկացնում և աղմկում են:

Ներկաներից մեկը հարցնում է.

  • Ի՞նչ եք անում:
    — Մուկն ենք բռնում:
    — Որ ի՞նչ անեք:
    — Որ ուղարկենք:
    — Ու՞ր:
    — Մկստան:
    Նորից են աղմկում:
    — Ի՞նչ եք անում:
    — Ցուրտն ենք բռնում:
    — Ու՞ր ուղարկեք:
    — Իր երկիրը՝ հյուսիս:
    Նորից են աղմկում:
    — Ի՞նչ եք անում:
    — Ծուլությունն ենք բռնում:
    — Ու՞ր ուղարկեք:
    — Օվկիանոսի հատակ:
    Նորից են աղմկում:
    — Ի՞նչ եք անում:
    — Փնթիությունն ենք բռնում:
    — Ու՞ր ուղարկեք:
    — Խոզերի մոտ:
    Նորից են աղմկում:
    — Ի՞նչ եք անում:
    — Անկարգությունն ենք բռնում:
    — Ու՞ր ուղարկեք:
    — Կապիկների մոտ:

Այսպես կարելի է շարունակել, մինչև կհոգնեն կամ կպարզեն, որ այլևս ոչինչ չմնաց քշելու: Նշվածների փոխարեն կարելի է քշել այն, ինչն ավելի հարմար կգտնեն (իրենց ընկերների վատ արարքները, դժվար, տհաճ և այլ երևույթներ):

 

Խնոցի-հարոցի

Խաղում են զույգերով: Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին` ափը ափին կպած:

  • Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:

    կամ`

  • Հարի-հարի խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:

Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ, իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Ծիտը քարին

Խաղացողները վիճակ են գցում և վերջին մնացողին կոչում են՝ կանչող: Խումբը ցրվում է խաղավայրի զանազան կողմերը, իսկ կանչողը կանգնում է կենտրոնում ու կանչում է.

  • Ծիտը քարի˜ն:

Խաղացողները երբ լսում են այս բառերը մի- մի քար են գտնում և վրան մեկ կամ երկու ոտքով կանգնում: Կանչողն աշխատում է նրանց խփել դեռ քարերի վրա չկանգնած: Չխփվածները քարերի վրա կանգնելուց հետո սկսում են իրենց կանգնած քարից տեղափոխվել ուրիշ քարի վրա, այնպես որ կանչողի համար հնարավորություն ստեղծվի նրանց խփելու: Ում որ կանչողը խփում է, նա դառնում է կանչող, իսկ նախկին կանչողը մտնում է խմբի մեջ:

Մածուն ծախեմ

Գլխավորապես խաղում են աղջիկները սենյակում: Ամեն մեկը սենյակի մի անկյունն է բռնում, իսկ այն մեկը որ անկյունից զուրկ է սրան-նրան ասում է.

  • Մածուն ծախեմ, ո՞վ կուզի:
  • Ես չեմ ուզեր, այսինչը կուզի:

Այս միջոցին սա և անվանված անձը փոխանակում են իրենց տեղերը: Մածուն ծախողն աշխատում է շտապել և դրանցից մեկի անկյունը գրավել:

Խաշիլ ճաշ

10 ևավելի հոգով կիսաշրջան են կազմում երեխաները, որոնցից առաջինը մայր է կոչվում: Մեկը թռչուն դառնալով՝ նստում է կիսաշրջանի մեջտեղում , և հողի վրա զանազան նկարներ է ձևացնում: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը: Մայրը թռչունին հարցնում է.

  • Ա˜յ թռչուն, ա˜յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում:
  • Խաշիլփափա, — պատասխանում է թռչունը:
  • Ո՞ւմ համար:
  • Իմ ճուտերի:
  • Կտա՞ս իմ ճուտերին:
  • Չեմ տա, խի կուտամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն:

Այս խոսքի վրա մայրը կամ ճուտերից մեկը աշխատում է թռչունին խփել և անպայման վայր գցել, ու հաջողվելու դեպքում խփողն ու խփվողը դերերը փոխում են, իսկ եթե ոչ շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողեցնում են:

Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

 

Մուկ — կատու

Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը` խաղը նույնությամբ շարունակելով:

Գայլն ու ոչխարը

Խաղացողներից մեկը դառնում է ոչխար, մյուսը`գայլ: Մնացածները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, իրենց մեջ են առնում ոչխարին և աշխատում նրան պաշտպանել գայլի հետապնդումներից: Գայլը մնալով դրսում՝ հարձակումներ է գործում շրջափակ կազմողների վրա` ջանալով խզել ձեռքերի շղթան և ներս մտնել ոչխարին բռնելու: Երբ գայլին հաջողվում էր շրջափակը որևէ տեղում կտրել, այդ ժամանակ ոչխարին փախցնում են շրջափակից դուրս և գայլին են բռնում «փարախի մեջ»` հնարավորություն չտալով հասնել ոչխարի ետևից: Եթեգայլին հաջողվում է ներսից կտրել ներքևի շղթան և դուրս գալ, ոչխարին դարձյալ ներս էին առնում և այսպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև որ գայլին հաջողվում էր բռնել ոչխարին, որից հետո ոչխարը դառնում էր գայլ, մի ուրիշ խաղացող` ոչխար:

Գործնագործ

Երեխաները բաժանվում են երկու հավասար խմբի (կարող են լինել աղջիկների և տղաների կամ խառը խմբեր): Մի խումբը դառնում է խփողների խումբ, մյուսը`խաղացողների: Խփողները կանգնում են իրարից մի քանի մետր հեռավորության վրա, խաղացողները մտնում են մեջ ու սկսում են խաղալ: Խփողները հերթով փորձում են գնդակով խփել խաղացողներին: Ամեն անգամ, գնդակը մեկին կպչելուն պես, խաղացողը պետք է դուրս գա խաղից: Երբ խաղի մեջ մնում է մի մասնակից և կարողանում է մինչև տաս հաշիվը խաղալ, բոլոր խաղացողները մտնում են` խաղը շարունակելու, իսկ եթե մինչև տաս հաշիվը չի կարողանում ազատել, իրենք դառնում են խփողներ, իսկ խփողները` խաղացողներ:

Աղջիկ փախցնոցի

Երեխաները զույգերով իրար ետևից կանգնում են` զույգերի ձեռքերն վերև պահած` ափերն իրար մեջ: Նրանցից մեկը, ով զույգ չունի, գալիս է առաջ ու, նրանց արանքով անցնելով, բռնում է որևէ մեկի ձեռքից, երկուսով գնում են, կանգնում վերջում, իսկ այն մասնակիցը, ում զույգին տանում են, գալիս է առաջ ու կատարում նույն գործողությունը:

Ես բարձր եմ, դու` ցածր

Խաղում են 2-ական` մեծ մասամբ հոգնած մեջքները հանգստացնելու համար: Խաղացողները կանգնում են մեջքներն իրար կպցրած և երկուսի թևերը մեկը մյուսին շղթայած: Այդ դրությամբ մեկը կռանալով` մյուսին առնում է իր շալակը: Շալակողի հարցումով նրանց միջև տեղի է ունենում հետևյալ խոսակցությունը:

  • Տակդ ի՞նչ կա:
  • Վերմակ, ներքնակ:

Ապա շալակողն էր հարցնում:

  • Վրեդ ի՞նչ կա:
  • Աստղ ու լուսնյակ:

Խաղացողները կարող են կամաց-կամաց արագացնել այդ գործողությունը:

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել: Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել:

Զանգակի խաղ

Ծառից կամ գետնին ամրացրած փայտից երկու պարան են կապում, խաղացողներից երկուսի աչքերը փակում են թաշկինակով ու պարանները տալիս ձեռքները: Դրանցից մեկի ձեռքում զանգակիկ է լինում, որը սկսում է կամաց-կամաց ծնգծնգացնելով վազել, իսկ մյուսը նրա ետևից է ընկնում, որ լախտով խփի:

Այս խաղը միշտ ծիծաղելի է լինում, որովհետև խաղացողները չտեսնելով` ակամա միմյանցով են ընկնում, կամ թե լախտավորը, կարծելով, որ զանգակավորը հասել է, լախտը վրա է բերում, բայց բոլորովին հակառակ կողմն ու դատարկ օդին է խփում:

Ճլոթ

Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին:

Պապը հարցնում է.

  • Ո՞վ է խփողը:

Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Կարմիր կոճակ

Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է.

  • Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Գդակ թռցնել

Խաղում են 8-10 հոգիանոց երկու խմբով: Խմբերը կանգնում են 50 քայլ իրարից հեռու սահմանների վրա: Վիճակահանությամբ խաղն սկսող խմբից մի հոգի գալիս է մյուս խմբից մեկի գլխարկը հանկարծ թռցնում ու փախչում՝ հասնելու իր խմբին: Գլխարկատերը պետք է հասնի և նրան ձեռքով դիպչի մինչև տեղ հասնելը: Այդ գործողությամբ գլխարկն ազատում է և խաղը շահում: Հակառակ դեպքում ինքը գերվում է, իսկ խումբը տանուլ է տալիս: Խաղը վերսկսում է շահող խումբը: Խաղը շարունակում են, մինչև խմբերից մեկը գերի մյուսի բոլոր անդամներին:

Յոթ քար

Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքումփախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան:

Հինգ  քար

Խաղում են 10 հոգով: Քաշում են մի գիծ, որի երկարությամբ յուրաքանչյուր խաղացող իր համար մի փոս է փորում: Խաղացողներից մեկը կանգնում է փոսերի շարքի մի ծայրին, և մի ուրիշը՝ հակառակ ծայրին: Կանգնողներից մեկը փոքր գնդակը գլորում է փոսերի շարքի երկարությամբ: Երբ գնդակն ընկնում է որևէ փոսի մեջ, սրա տերը վազում, վերցնում է գնդակը և փորձում դրանով խփել որևէ մեկին: Եթե կպչում է, ապա խփվողի փոսի մեջ մի քար են գցում: Հենց որ խաղացողներից որևէ մեկի փոսում հավաքվում է 5 քար, նրա աչքերը կապում են և գնդակը տանում են որևէ տեղ պահում: Երբ գնդակը պահված է, նրա աչքերը բացում են և խաղացողներից մեկը մոտենում է նրան ու մեջքին խփելով ասում.

  • Գռտու- գռտու, ձագերդ գտի՛:

Խփում ու այդ բառերը կրկնում են այնքան ժամանակ, մինչև որ 5 քարատերը գտնում է գնդակը: Երբ գնդակը գտնվում է, խաղը համարվում է վերջացած, և խաղացողները նույն կարգով խաղը սկսում են նորից:

Մատներ

Երկուսով կանգնում են իրար դիմաց: Երեխաներից մեկը ձեռքերից մեկով բռունցք է անում: Մյուսը, հերթով մատները բացելով, արտասանում է.

Բթամատն ասաց` գայլը եկավ:
Ցուցամատն ասաց` որտեղի՞ց եկավ:
Միջնամատն ասաց` սարիցն եկավ:
Մատնեմատն ասաց` եկեք փախչենք:
Ճկույթն ասաց` պստիկ եմ, ճստիկ եմ,
Ոտիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Երեխան, որի բռունցք արած ձեռքի մատներն արդեն բացվել են, ասում է.

— Ա՜յ, այսպես:

Եվ, դիմացի երեխայի թևի վրա, ցուցամատով և միջնամատով ցուցադրում է մատների վազք: Ապա միասին, նստարանի վրա, մատներով բեմականացնում են պար` պարային կամ ռիթմիկ երաժշտության նվագակցությամբ:

 

Ժամը քա՞նիսն է

Երեխաները, ժամն իմանալու համար, մի ձեռքով գրկում են ծառի բնից ու, պտտվելով, ասում.

-Ալաբուջի, ժամը քա՞նիսն է:

 

Կրկնվում է մի քանի անգամ, մինչև անցորդներից որևէ մեկն ասում է ժամը:

 

Մամի, մամի

Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում կանգնածներից մեկը մյուսին հարցնում է.

  • Մամի, մամի, խաղողն հասե՞լ է:

Մյուսը պատասխանում է.

  • Հասել է, հասմըսել է, Շանը կտամ, գելին կտամ, Քեզ մի ճութ չեմ տա:
  • Ինչո՞վ գամ` որ տաս:
  • Դհոլ — զուռնով:

Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն նվագելով,  շարքի առջևից  գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով, պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ ինքը` շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում` ձիով, մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.

  • Մամին կասի` սխտոր ծեծեք:

Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում` բացականչելով.

  • Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
  • Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
  • Քաշենք` երկարի:

Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն:

 

Նանինանի

 

Տարբերակ 1

Խաղում են երկուսով: Խաղացողներից մեկը ձեռքերի մատները մի փոքր իրարից

հեռացրած, ձեռքերի մատների ծայրերը պահում են իրար դիմաց և հպում իրար` պատկերելով թոնրի ձև: Մյուսը, ցուցամատը դնելով դիմացի խաղընկերոջ ճկույթների միացման տեղին, ասում է.

  • Նանի, նանի, կրակ տուր:
  • Ելի վերի թաղը (թարեքը, թառը):

Այսպես կրկնվում է` բարձրանալով մինչև ցուցամատ: Հասնելով ցուցամատին (թոնրի շրթին), ասում է.

  • Նանի, նանի, որ կաթը դնեմ թոնիրը` տաքանա, հո շուն չկա՞:
  • Չկա, չկա:

Խաղացողը ձեռքը` իբրև կաթ, իջեցնում է ՙթոնիրը՚: Թոնիրը ցուցադրող երեխան արագ փակում է «թոնիրը»` ասելով.

  • Հաֆ, հաֆ, հաֆ…

 

Տարբերակ 2

Նույն խաղում են, վերջում ասելով.

  • Հաց որ թխեմ` հո շուն չկա՞:
  • Չկա, չկա:

«Հաց թխողը» ծափ է տալիս և աջ ձեռքով «հացը խփում» թոնրի աջ շրթին: Նույնը կատարում է` խփելով ձախ շրթին: «Թոնիրը», որսալով հարմար պահ, արագ փակվում է` բռնելով խաղացողի ձեռքը և ասում.

  • Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ…:

 

Տարբերակ 3

  • Նանե, նանե, կրակ տուր:
  • Ելի վերի թաղեն:
  • Հուդա ճնճուղ մի կար, ի՞նչ էղավ.
  • Թռավ դիզու գլոխ.
  • Դեզն ի՞նչ էղավ. — Կով կերավ.
  • Կովն ի՞նչ էղավ.
  • Գել կերավ.
  • Գելն ի՞նչ էղավ.
  • Շուն կերավ.
  • Շունն ի՞նչ էղավ.
  • Դռան ետև կապուկ է.
  • Խաց օր էպիկ, խո չխա՞ծե.
  • Չէ, էպե.
  • Կաթն օր դնիմ թունդիր, խո չթա՞փի.
  • Նանե, նանե, կաթը թափավ:

 

Ժնջիլ, ժնջիլ

Տարբերակ 1

Խաղում են երկուսով: Երկուսն էլ բռունցք են անում և իրար վրա դնում: Նրանցից մեկը,  ցուցամատը ներքևի բռունցքից սահեցնելով վերև, մատը դնում է վերևի բռունցքի վրա, որը դիմացի խաղացողինն է, և հարցնում:

 

  • Ժնջիլ, ժնջիլ, էստեղի խոտն ու՞ր ա:
  • Կովն ա կերե:
  • Ժնջիլ, ժնջիլ, բա կովն ու՞ր ա:
  • Մորթեցին, կերան:
  • Բա իմ փայ միսիկն ու՞ր ա:
  • Դրեցին լուսամուտ:
  • Ժնջիլ, ժնջիլ, բա միսիկն ու՞ր ա:
  • Կատուն էկավ, տարավ, կերավ:
  • Ժնջիլ, ժնջիլ, բա չկարեցա՞ր բռնես:
  • Հը՛ ը: (Չէ՛:)
  • Դե, առ քու ձեռ, կորի:

 

Վերջին խոսքերի հետ խաղացողը իր բռունցքով թեթև խփում է մյուսի բռունցքին ու մի կողմ հրում: Ամեն «ժնջիլ, ժնջիլ» խոսքրի հետ կատարում է նույն շարժումը:

Տարբերակ 2

  • Ժնջիլ, ժնջիլ, էս տեղի խոտն ու՞ր ա:
  • Խոչն ա կերել:
  • Ժնջիլ, ժնջիլ, բա խոչն ուր ա:
  • Մորթեցի կերա:
  • Ժնջիլ, ժնջիլ, բա իմ փայ միսն ու՞ր ա:
  • Դրեցի լուսամուտ:
  • Ժնջիլ, ժնջիլ, բա ուր ա, չկա:
  • Կատուն տարավ, կերավ:
  • Ժնջիլ, ժնջիլ, չկարեցա՞ր բռնես:
  • Չէ՛:
  • Դե ա՛ռ քու ձեռ, կորի:

 

Ծուղրուղու

Խումբը շրջանաձև պպզում է, իսկ մեկը` մի թաշկինակը ձեռքին, կանգնում է շրջանի մեջտեղը: Վերջինս կոչվում է շուն, իսկ մյուսները` աքաղաղներ: Աքաղաղները այս ու այն կողմից կանգնում, «ծուղրուղու» են կանչում և իսկույն պպզում: Շունն աշխատում է ձեռքի թաշկինակով խփել աքաղաղին կանգնած ժամանակ: Եթե հաջողվեց, ինքը կդառնա աքաղաղ, իսկ աքաղաղը` շուն:

Պուճաղ–պուճաղ

Խաղում են 5 հոգով: 4 մասնակիցներ գրավում է սենյակի անկյունները, իսկ 5-րդը սենյակի կենտրոնում պուտ է դառնում: Շարժման նշանը տալուն պես անկյունների 4 հոգին անմիջապես տեղափոխություն են անում, իսկ պուտ եղողը ձգտում էր օգտվել տեղաշարժից և գրավել այն անկյունը, որին աշխատում է հասնել դանդաղաշարժ մեկը, և վերջինիս հետ փոխում է իր դերը:

Պուտ–պուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողին.

  • Ի՞նչ ուտենք:
  • Չիր ու չամիչ:
  • Որտեղի՞ց ուտենք:
  • Գողանանք` ուտենք:
  • Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Համրախաղ

Մանուկները մի քանի հոգով մի մայր են ընտրում, որը նախապես գծված շրջանի մեջ տեղավորվելով, մոտենում է շուրջը կանգնած խաղացողներից մեկին, զանազան ծիծաղաշարժ շարժումներ անում, կանչում է որևէ թռչունի նման ու հրամայում այդ երեխային կրկնել իր արածները հարևանի հետ` առանց ծիծաղելու: Եթե հանձնառուն չի կարողանում ծիծաղը պահել կամ ճշտորեն կրկնել իր ցույց տվածը, բոլորը նրան թեթևակի խուտուտ են տալիս, իսկ եթե կարողանում է, մտնում է շրջան և շարունակում խաղը:

Գող և փաշա
Վիճակահանությամբ մեկը փաշա է դառնում, երկու-երեքը` թիկնապահ, մեկը` շուն, մի քանիսը`գող: Թիկնապահներն ու շան պաշտոնը վարողը նստում են փաշայի շուրջը: Նրանցից քիչ հեռու մեծ շրջան են գծում, որի մեջ գողերն են թաքնվում, դա գողերի տունն է: Փաշայի խումբը կեղծ քուն է մտնում: Քիչ հեռվում թաքնված «գողերը» գալիս են նրանց մոտ, նախապես դրված իրերը հափշտակում, փախչում: Շունն անմիջապես սկսում է հա՜ֆ, հա՜ֆ, հա՜ֆ հաչել և արթնացնել քնածներին: Եթե արթնացած թիկնապահներն արագ հետապնդում, բռնում են գողերին և բերում փաշայի մոտ, փաշան սրանց զանազան«պատիժներ»է սահմանում, որը կիրառելուց հետո խաղը նույնությամբ կրկնվում է: Եթե մինչև «տուն» հասնելը թիկնապահները չեն կարողանում գողերին բռնել, դերերը փոխվում են:

 

Թաթիկ–լաթիկ

Խաղացողները բաժանվում են 2 խմբի: Խաղում են ընդարձակ և հարթ վայրում: Խաղահրապարակի կեսից անցնում է մի սահմանագիծ, որի երկու կողմերում՝ իրարից որոշակի հեռավորության վրա, կանգնում են խաղացողները: Սահմանի մի կողմից մի երեխա (մարտիկ) է դուրս գալիս և առանց սահմանագիծը անցնելու՝ գծի երկարությամբ իր խմբի կողքին վազում և աշխատում է մյուս խմբի երեխաներից մեկի շորին՝ լաթիկին, իր ձեռքով (թաթիկով) կպչել: Խաղացողը, հակառակորդի շորին ձեռք տալով, նրան շարքից հանում է և քարացնում:

Մյուս կողմի մասնակիցները, հետևելով նույն կանոններին, առանց խախտում անելու, փորձում են բռնել մյուս կողմում խաղացողի թաթիկը և տանում իրենց կողմն ու քարացնում: Հետո մյուսն է դուրս գալիս և շարունակում խաղը: Երբ ամեն կողմից մի հոգի է մնում, այդ երկու խաղացողները գալիս են կենտրոն և իրար զուգահեռ երեք գիծ գծում: Մեջտեղի գիծն ազատ է մնումգ խաղացողները իրենց ոտնածայրերը եզերքի երկու զուգահեռներին հասցնում, ապա աջ թաթիկներն իրար տալով՝ սկսում են միմյանց քաշել: Մրցակցին իր սահմանի մեջ քաշել կարողացողի խումբը հաղթող է ճանաչվում:

Արդար–մեղավոր

Խաղացողներից մեկը գայլերի առաջնորդ (պետ) է ընտրվում, մյուսը՝ գառների: Կարող են խմբերին տարբեր անուններ դնել` կրակ ու ջուր, ոտք ու ձեռք… Երրորդ մասնակիցը դառնում է անուն դնող, որը մյուս բոլոր խաղացողներին անուններ է դնում՝ քնած մոծակ, կորած մրջյուն: Անուններ դնելուց հետո անուն դնողը գնում նստում է գայլերի և գառների առաջնորդների մեջտեղում, որոնք, հերթով նրա «դուռը» ծեծելով, սկսում են հետևյալ երկխոսությունը.

  • Չը՛խկ-չը՛խկ:
  • Ո°վ է:
  • Գայլն եմ:
  • Ի՞նչ ես ուզում:
  • Ես քնած մոծակ եմ ուզում:

Տրված անվան տերն անմիջապես գալիս է և նստում գայլերի ետևը: Ապա գառների պետն է դուռը ծեծում և հարցնում.

  • Չը՛խկ-չը՛խկ:
  • Ո°վ է:
  • Գառն եմ:
  • Ի՞նչ ես ուզում:
  • Ես ուզում եմ կոտրած խաղալիք:
  • Չկա:
  • Ես ուզում եմ կորած մրջյուն:

Կանչվածը գալիս, նստում է գառների պետի ետևը: Եվ այսպես պետերը երկխոսությունը կրկնում են մինչև վերջին անվանատերը, որից հետո 2 խմբի բաժանված մասնակիցները, իրար մեջք բռնած, շղթա են կազմում, սկսում են խմբերով իրար քաշել: Որ խմբին որ հաջողվում է շղթան կտրել և մասնակցին քաշել իր կողմ, այդ խումբը ճանաչվում է հաղթող:

Հինգ այծատեր

Խաղում է 5-10 երեխա:

Նրանք, առանց իրար ձեռք բռնելու, շրջան են կազմում: Մեկը ձևանում է 1, երկրորդը՝ 3, երրորդը՝ 5 այծի տեր, ապա հաջորդաբար՝ 7, 10, 15: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հիշի իր այծերի թիվը: Խաղն սկսելիս խաղակիցներից մեկը հայտարարում է.

  • Գյուղին հարկ է եկել, ո՞վ պիտի տա:
  • Թող երեք այծատերը տա,- պատասխանում է մյուսը:
  • Հաշվիր գյուղի վրա, թող գյուղը տա, երեք այծատերն ինչու՞ տա,- վրա է տալիս երեք այծատերը:
  • Գյուղն ինչո՞ւ տա, թող 5 այծատերը տա,- ասում է հաջորդը:

5 այծատերը անմիջապես վրա է բերում.

  • Ինչու՞ 5 այծատերը, թող 15 այծատերը տա:

Խաղն այսպես շարունակվում է այնքան, մինչև մեկը շփոթվում է: Պարտվողը խաղից դուրս է գալիս կամ որևէ պատիժ է ստանում:

 

Դաշտի չոբան

Խաղին մասնակցում է 5-10 երեխա: Երկու ընտրվածներից մեկը հովիվ, մյուսը` գայլ է կոչվում: Գառները բռնում են իրար փեշից և, երբ գայլը նրանց է մոտենում, գառան պես մայում են: Գայլը նրանց մոտենալիս ասում էգ

  • Սարի գել եմ, կտանեմ:
  • Դաշտի չոբան եմ, չեմ տա,- պատասխանում է չոբանը:

Գայլը հերթով փախցնում է գառներին, տանում իր բույնը: Հովիվն աշխատում է չթողնել: Երբ բոլորին փախցնում է, հերթը հասնում է նաև չոբանին, որին տանելուց հետո խաղը նորոգվում է` գայլի ու չոբանի դերերն ուրիշներին տալով:

Ոչխար–ոչխար

Տղաներից մեկը դառնում է հովիվ, երկուսըª շներ, մեկըª գայլ, իսկ մյուս երեխաները՝ ոչխար, այծ ու գառ: Իրարից 50-80 քայլ հեռավորության վրա ոչխարների համար մակաղատեղ  (գիշերը հավաքվելու տեղ) և գայլի համար՝ բույն են գծում: Երևակայում են, թե մութը վրա է տալիս: Հովիվն արոտից ոչխարը մակաղատեղ է բերում: Բոլորը պառկում և քնած ձևանում: Գայլը գաղտագողի գալիս ու հանդարտիկ մտնում է մակաղատեղը և բռնում որևէ ոչխարի, որը պարտավոր է հնազանդորեն հետևել իրեն: Այդ ժամանակ ոչխարի քնած հոտը խրտնում, դես ու դեն է փախչում, որից հովիվն ու շներն արթնանում են: Հովիվը շներին հո¯յ, հո¯յ, հո¯յ բացականչությամբ հորդորում է գայլին բռնել և ոչխարն ազատել, իսկ գայլը ձգտում է րոպե առաջ ոչխարին հասցնել իր բույնը: Երբ շները գայլին հասնում ու բռնում են մինչև բույնը հասնելը, ոչխարն ազատում են, հակառակ դեպքում ոչխարը մնում է նրա մոտ:

Խաղը այդպես պարբերաբար կրկնվում է, մինչև որ գայլը բռնվում է, կամ ընդհակառակը, ոչխարն է սպառվում:

Գել– գել

Երեխաներն իրենց գլխարկները ոչխար են համարում և շարքով, իրարից երկու քայլ հեռու, գետնին դնում: Գլխարկատերերը՝ որպես շներ, նստում են քիչ հեռու`գլխարկ – ոչխարների ետևը և հսկում ընդհանուրին: Նրանցից մեկը դառնում է հովիվ: Ոչխարներից 30-40 քայլ հեռու գայլն է տեղավորվում իր բնով: Նա տոտիկ-տոտիկ գալիս, մոտենում է ոչխարին, մեկ-մեկ վերցնում, հոտոտում է, ապա միամտացնելով շներին՝ ուզում է խաբել – փախցնել գլխարկ – ոչխարը: Շներն իսկույն վեր են ցատկում: Գայլը, եթե վստահ չի լինում, թե կարող է ոչխար փախցնել, իսկույն գլխարկը վայր է դնում, որ շները նստեն: Ապա անցնում է հաջորդ «ոչխարը» հոտոտում է, կամ տեղն է դնում, կամ նորից է փորձում և հարմար վայրկյանին փախցնում մի ոչխար: Հովիվն անմիջապես աղմուկը գցում է, շներին հրահրում և վերջիններիս հետ հետապնդում գայլին:

Եթե գայլին կեսճանապարհին բռնում են, ոչխարը ետ են առնում, և նրան «ծեծում», եթե գայլին հաջողվում է բռնվելուց խուսափել և «ոչխարը» բույնը հասցնել, սրա տեր շանը ևս տեղափոխում է իր բույնը: Աստիճանաբար բոլորին այս ձևով իր բույնը տանելու դեպքում գայլը հաղթող է համարվում, և նրա դերը հովվի հետ փոխելով՝ խաղը նորից են սկսում:

Վերևի՞նը, թե ներքևի՞նը

Խաղը խաղում են 30 հոգանոց խմբով: Խաղում են բակում կամ դաշտում: Բաժանվում են 2 հավասար մասի, երբեմն նույնիսկ չպահպանելով շարքը` նստում են իրար դիմաց: Յուրաքանչյուր կողմ ունենում է որոշ քանակութամբ մանր քար կամ լոբի: Խաղը սկսողը բռունցքներից մեկում մի լոբի կամ քար է պահում և բռունցքներն իրար վրա դնելով` դիմացինին ասում է.

  • Վերևի՞նը, թե՞ ներքևինը:

Մյուս խումբը, միասին որոշելով, առաջարկում է բաց անել իրենց ուզած բռունցքը: Պահված լոբին գտնելու դեպքում խմբերի դերերը փոխվում է: Գտնողները «հակառակորդնորից» նրանց թվով լոբի են ստանում, իսկ չգտնելու դեպքում` իրենք են նրանց նույնքան լոբի տալիս:

Հաղթում է այն խումբը, որը շատ լոբի է հավաքում:

Ալիս–պալիս

Երկու և ավելի աղջիկներ մի խումբ են կազմումգ նրանցից մեկը (վիճակահանությամբ են որոշում, թե` ով) մի փոքր հեռանում է և երեսը մի կողմ արած, սպասում է հրավերի: Խմբից մեկն էլ իր ափի մեջ պահում է նախապես պայմանավորված որևէ պարագա ` մատնոց, թել, չիր և այլն: Որպեսզի իրը պահելը խմբից հեռացողին անհայտ մնա, բոլորը միասին բռները սեղմում, դնում էին գետնին:

Խմբից հեռացողն այդ ժամանակ մոտենում է և իր ձեռքը հերթով դնելով ընկերների ձեռքերի վրա` հետևյալ ոտանավորից յուրաքանչյուր ձեռքի համար մի բառ էր արտասանում .

  • Ալիս, ալիս,

Մելի յարիս,

Ժամտան դուռը բաց:

Ըստում, ընդում

Մարե տնդում,

Վեր տամ ըստում,

Գտնեմ ընդում:

Եթե ոտանավորի վերջին բառն ընկնի առարկան պահողի ձեռքի վրա, իրը կմնա գտնողին, իսկ եթե չգտնի, ինքը կտա որևէ առարկա:

Կաղին խաղալ

Խաղում էին մի խումբ երեխաներով:

Բռի մեջ տեղավորում էին կաղիները, ցույց էին տալիս դիմացինին և հարցնում` զույգ է, թե կենտ: Դիմացինը ճիշտ գուշակելիս ստանում և սխալվելիս նույնքան կաղին էր տալիս պահողին: Իբրև գուշակման նշան էին համարում պահողի ձեռքի երեսի ակոսները, որոնք գոյանում էին բռամիջի կաղիններից:

Աղվեսուկ

Խաղացողները ձեռք ձեռքի տված և ոտքերը լայն բաց արած` շրջանաձև կանգնում են: Շրջանից դուրս մնում է երկու հոգի, որոնցից մեկը ստանձնում է բարակի և մյուսը` աղվեսի դերը: Վերջինս հալածվում է բարակից և ծեծվելու վտանգից խուսափելու նպատակով աղվեսային պտույտներ գործելով` շրջան կազմածներից մեկի ոտքերի արանքով մտնում է շրջանի մեջ: Եթե բարակը բռնում է աղվեսին, նրա դերը ստանձնում է շրջան կազմողներից մեկը:

 

Զատկական խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:

Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության  փայտ, որը որպես պատնեշ դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝ թողնելով ձվարշավի տպավորություն:

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Աքլորակռիվ

Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են.

  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
  • Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Ամենաուժեղ թռչունները

Ամեն մի թռչնանոցից երկուական թռչուն են խաղի հրավիրվում: Խաղի նպատակն է՝ մրցակիցներով երկու կողմերից բռնել ընդհանուր օղակից, ձգել այն ամեն մեկն իր կողմն ու փորձել վերցնել հետևում՝ մեկ մետր հեռավորության վրա դրված ձուն:

Ամեն մի թռչնանոցից ներկայացված զույգ խաղացողներից միայն մեկն իրավունք ունի մեկ ձեռքով բռնելու օղակից: Մյուս խաղընկերը մի ձեռքով բռնելու է ընկերոջ պարզած ձեռքը, իսկ ազատ ձեռքով աշխատելու է վերցնել հետևում՝ գետնին դրված ձուն:

Հաղթում է այն զույգը, որի խաղացողներից մեկի ձեռքին օղակն է, մյուսի ձեռքին ավարը՝ ձուն:

Խաղը կարելի կլինի խաղալ մեծերի՝ ծնողի, դաստիարակի, դպրոցահասակ սովորողների հետ:

Արագաշարժ թռչունները

Թռչունները բաժանվում են 2, 3, 4 խմբի, յուրաքանչյուր խմբի թռչունները կանգնում են իրար ետևից, իսկ խմբերը՝ մեկ գծով իրար կողքի: Խմբերն ունեն դատարկ կողով, որի մեջ պետք է լցնեն խմբերից հավասար հեռավորության վրա գտնվող կողովի ձվերը: Մասնակիցների խնդիրն է՝ կքանստած, թռչունի նման ոստոստալով (զմփիկ թռնելով), կողովի միջի ձվերը հերթով իրենց «բույնը» տեղափոխել:

Ճարպիկ թռչունները

«Թռչնանոցներն» ընտրում և խաղի են ուղարկում են իրենց ամենաճարպիկ «թռչուններին»՝ յուրաքանչյուրին տալով մեկ ձու: Խաղի համար ընտրում են ազատ տարածք, որի մեջտեղում «բույն» է տեղադրվում, և դրա մեջ մասնակիցների թվից մեկով պակաս ձվեր տեղադրվում: Հնչում է երաժշտությունը, և մասնակիցները ձեռքերը վեր պարզելով սկսում են պարել, պտտվել բնի շուրջը: Երաժշտությունն անակնկալ ընդհատվում է, նրանցից յուրաքանչյուրը փորձում է բնից արագ մի ձու վերցնել: Նա, ով դա անել չի կարողանում, խաղից դուրս է գալիս: Խաղը վերսկսվում է նորից, իհարկե, բնից մեկ ձու ևս պակասեցնելով, և շարունակվում է մինչև մասնակիցներից մեկը կմնա, ով էլ կհամարվի մրցույթի հաղթողը՝ ստանալով «Ամենաճարպիկ» տիտղոսը:

Արագակեր ձագուկը

Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը:

Հրահանգն առնելուն պես «թռչնամայրերը» մեկական ձու են վերցնում, արագ մաքրում, փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ «ձագին» կերակրում: Նա, ով արագ կերավ, հաղթում է: Ընդ որում, «կերակրող մայրը» «ձագուկին» իրավունք չունի պատառ առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի տվել:

Պահիր մայր թռչունին

Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերից կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում:

Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի, ասել է թե՝ «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s