Մայրենի լեզու. ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022 ուս. տարի

    Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա, լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: «Մայրենի լեզվի ուսուցում» ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում:
    Կրտսեր դպրոցի խնդիրն է օգնել երեխային ճիշտ ձևակերպել  գրավոր և բանավոր խոսքը, կարողանալ արտահայտել իր հույզերը, ապրումները,  զգացմունքները և հաղորդակցվել: Մայրենիի ուսուցումը`  որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործ, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:
     Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը,
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն,
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

 Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները.

  • սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զարգացում,
  • լեզվամտածողության, լեզվազգացողության զարգացում,
  • բանավոր և գրավոր ճիշտ, գրագետ խոսքի ձևավորում, զարգացում  
  • հստակ արտահայտման կարողությունների զարգացում,
  • օնլայն բառարաններից, բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության ձևավորում, զարգացում,
  • ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացում
  • հորինելու հմտությունների զարգացում,
  • ինքնակրթության կարողությունների ձեռքբերում, զարգացում,
  • վերլուծելու, համադրելու, հակադրելու հմտությունների ձևավորում,  զարգացում,
  • լեզվական տարրական գիտելիքների յուրացում, ամրապնդում,  զարգացում :

Մայրենի լեզվի ուսուցումը պետք է սովորողին հնարավորություն տա՝

  • գրավոր և բանավոր , անկաշկանդ և գրագետ  արտահայտել սեփական մտքերը,
  • կառուցել ճիշտ, գրագետ և փաստարկված խոսք,
  • զարգացնել    լեզվական-ստեղծագործական  մտածողությունը, երևակայությունը:

Մայրենի լեզվի ուսուցման կազմակերպումը.

  • ստեղծել ազատ, անկաշկանդ միջավայր՝ խոսքի յուրացումը սերտորեն կապելով սովորողի առօրյայի, ամենօրյա գործունեության հետ:

    Մայրենին՝   որպես հիմնական լեզու, անընդհատ է և ամենուր: Այն առկա է գործունեության տարբեր ոլորտներում:   Ուսումնական միջավայրը (այդ թվում՝ ընտանեկան դպրոցը) նպաստում է, որ սովորողն առանց սխալվելու վախի արտահայտի իր մտքերը, կարծիքը, հույզերը:

  • Ուսուցումը կազմակերպել անհրաժեշտ   ծրագրերի միջոցով՝   թվային գործիքների, անհատական համակարգիչների լիարժեք կիրառմամբ:

     Թվային գործիքները հնարավորություն են տալիս տեսածը, լսածը, կարդացածը հրապարակել, քննարկել   առցանց հարթակում՝  ասելիքը   տեսանյութով, ձայնագրությամբ, ֆոտոշարքով ներկայացնելով: Երրորդ դասարանից սկսած՝  առցանց հարթակի կիրառման հիմնական բաղադրիչ են դառնում ուսումնական բլոգները:  Թվային գործիքների կիրառման  հարթակ է ապահովում նաև  ամենամսյա ֆլեշմոբերի կազմակերպումը, որոնց  մասնակցությունը ՝ համապատասխան առարկայական ընդգրկման,  ապահովում է ուսուցում առցանց հարթակում՝  որպես ուսումնական  գործունեության կազմակերպման  այլընտրանքային եղանակ :

  • Ստեղծել   անընդհատ  հաղորդակցության   միջավայր:

Սովորողի ուսումնական աշխատանքը կազմակերպվում է մեդիամիջավայրում` էլեկտրոնային հասցեի, էլեկտրոնային օրացույցի, վիրտուալ պահոցների և հարթակների (OneDrive, Soundcloud, YouTube, slideshow  և այլն), մեդիագրադարանի, կրթահամալիրի կայքի, դպրոցի ենթակայքի, դասարանական բլոգի, դասարանական բլոգում սովորողի անհատական էջի, սովորողի անհատական բլոգի միջոցով։

 Մայրենի լեզվի ուսուցման առաջին կարևոր փուլը՝տառուսուցումը, չի տարանջատվում մայրենիին   առաջադրվող մյուս խնդիրներից, այլ համարվում է գրավոր խոսքի զարգացմանը նպաստող կենդանի ու արդյունավետ մեթոդ: Ուսուցման առաջին տարվա առաջին իսկ օրերից սովորողը սկսում է տառեր, բառեր մուտքագրել ու միաժամանակ ընթերցել: Համակարգիչը, էլեկտրոնային գրատախտակը,  սմարթ հեռուստացույցը, ուսումնական խաղերը հնարավորություն են տալիս առանց արհեստական ու պայմանական բաժանումների փոխկապակցել գրաճանաչության նախագրային, գրային, ետգրային փուլերը: Երեխան նկարում-պատմում է, միաժամանակ՝ երգում-վանկատում, մուտքագրում-ընթերցում: Երեխան պատմում է այն ամենի մասին, ինչն իրեն հետաքրքիր է, ինչն իրեն հուզում է: Պատմում է իր, ընտանիքի, հարազատների, տան մասին՝ ցուցադրելով նախապես թվային ֆոտոխցիկով արված լուսանկարները, դիտում   ընկերոջ ցուցադրած ֆոտոշարքը և տալիս իրեն հետաքրքրող հարցը, ֆոտոշարքից առանձնացնում որոշակի նկարներ, կոնկրետացնում խոսքը, ապա նկարագրում, բնութագրում, բացատրում, մեկնաբանում, հետո անվանում (տեսքտից անցում պարբերության, նախադասության, բառակապակցության, բառի, հնչյուն-տառի): Գրական նյութերի (ոտանավորներ, հեքիաթներ, խաղիկներ, հանելուկներ, առած- ասացվածքներ) ուսուցման ժամանակ թվային միջոցների գործածումը նոր մեթոդների կիրառում է ենթադրում: Երեխան լսում ու դիտում է հեքիաթներն ու բանաստեղծությունները (աուդիո-գրքեր, մուլտֆիլմեր), ապա պատմում — ձայնագրվում թվային ձայնագրիչով ու նորից լսում, հետո նկարում  վրձնով, ինչպես նաև՝  համակարգչով, բեմադրում-տեսագրվում՝ դառնալով հեքիաթի, ոտանավորի կերպար ու հերոս: Այդպես մեդիան ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ, ժամանակակից ու հետաքրքիր է դարձնում: Ուսուցողական այսպիսի միջավայրում երկրորդ, երրորդ դասարանացին ավելի համարձակ ու վստահ է արտահայտվում: Ավելանում են բանավոր, ինչպես նաև գրավոր խոսքին ներկայացվող պահանջները: Կազմակերպվում է առկա, հեռավար, առցանց-ընտանեկան ուսուցում՝  դարձնելով մայրենիի ուսուցումը,  յուրացումն ու զարգացումն անընդհատ:    

 Անընդհատ ընթերցելու, վերլուծելու, քննարկելու, գրելու, արտահայտվելու, հարցնելու հնարավորություն է տալիս կրթահամալիրի կայքը՝   իր թվային գրադարանով, ենթակայքերով, դասարանական, սովորողի անհատական բլոգով (3-րդ դասարանից սկսած):   Սովորողի`  վրձնով կամ Paint ( այլ նկարչական խմբագիր) ծրագրով նկարած նկարը, ֆոտոշարքը, ձայնագրությունն ու տեսաֆիլմը, հորինած պատմությունները պարբերաբար հայտնվում են   կրթահամալիրի կայքում, ենթակայքերում, բլոգներում: Սովորողը գիտի, որ իրեն հետևում են, սպասում  իր նոր նկարին կամ պատմությանը, ընթերցած նյութի վերաբերյալ   կարծիքին, ընկերոջ հորինածի մասին իր մեկնաբանությանը:

Կրտսեր դպրոցում մայրենի լեզվի խնդիրը խոսքային հմտությունների, կարդալու կարողությունների զարգացումն է: Իսկ սովորողը կարդում ու գրում է անընդհատ: Այստեղ ևս մեկ անգամ ընդգծվում է մայրենիի անընդհատ ուսուցումը. մաթեմատիկայի դասին՝ խնդրի պայմանների վերլուծության, բացատրության, պահանջի ձևակերպման, պատճառաբանության, պատասխանի, օտար լեզուների դասին՝ թարգմանությունների, երաժշտական գործունեության ընթացքում՝ տեքստերի ուսուցման, յուրացման,  կերպարվեստ-տեխնոլոգիայի դասին՝ համապատասխան գիտելիքների փոխանցման, շախմատի և տրամաբանության դասին՝ համապատասխան նյութի փոխանցման, մարմնամարզության ընթացքում՝ մարմնամարզական հմտությունները խոսքով փոխանցելու, բնագիտության դասին՝ փորձի ներկայացման, դիտարկման, արդյունքների գրանցման, ուսումնական ճամփորդության ժամանակ՝ տեսածը պատմելու, ներկայացնելու, հարցադրումներ անելու միջոցով:

 Ընթերցանության նյութերի ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Կրտսեր դպրոցականի խոսքը զգայուն է: Այն անընդհատ հղկման, զարգացման կարիք ունի:  Հայ դասական ստեղծագործությունների ուսուցումը փոխանցում է լեզվական  այնպիսի  կաղապարներ, որոնք նպաստում են լեզվամտածողության զարգացմանը: Համաշխարհային մանկական գրականությունից ընտրվում են այնպիսի նմուշներ, որոնց ընթերցումը խթանում է սովորողի ստեղծագործական մտքի և երևակայության զարգացումը:

Սովորողի կատարած աշխատանքը դպրոցում և տանը

Կարդալու ուսումնական գործընթաց
    Կարդալ սովորում են կարդալով, գրել՝ գրելով, սակայն կարդալ, դեռ չի նշանակում հասկանալ: Կարևոր է կարդացածը հասկանալ,  հասկանալի տեքստը հասկանալի ներկայացնել դիմացինին: Կարդալիս առանձնացնել հիմնական ասելիքը, միտքը, գաղափարը: Օնլայն բառարանների օգնությամբ բացատրել անծանոթ բառն ու դարձվածքը, գտնել և բացատրել փոխաբերական իմաստով կիրառված մտքերը, գտնել հանդիպած բառերի հոմանիշներն ու հականիշները, պատմելիս դրանք փոխարինել համապատասխան բառով կամ արտահայտությամբ:
     Ուսումնական նյութերն  անընդհատ թարմացվում-հարմարեցվում են սովորողին: Ուսումնական նյութերի շտեմարանը  (բացի դասարանական բլոգից),   մեդիագրադարանն է, որի բաժանորդներն են ընտանեկան դպրոցները, սովորողն ու ուսուցիչը: Մեդիագրադարանն անընդհատ լրացվում է թվային գրքերով, համացանցային ռեսուրսներով և կրթահամալիրի ուսուցիչների, սովորողների և այլոց ստեղծած տեսա-աուդիոնյութերով, տեսադասերի փաթեթներով: Ուսումնական նյութեր ընտրելիս ուսուցիչը նկատի է ունենում նաև սովորողի ընդունակությունները և նախասիրությունները: Կարդում են դասական ստեղծագործություն, գիտահանրամատչելի նյութ, լուր, տեղեկություն, խնդիր, առաջադրանք, այլ սովորողների կողմից ստեղծած ուսումնական նյութերեր, թարգմանություններ։

 Գրելու ուսումնական գործընթաց

Սովորողը  հիմնականում  ցանկանում է  գրել իրեն ծանոթ, հարազատ, իրեն մոտ, հետաքրքիր, իրեն առնչվող թեմաների մասին: Երեխան նախ և առաջ գրում է  իր, իր ապրումների, շրջապատող աշխարհի, մարդկանց ու իրեն հուզող ու հետաքրքրող երևույթների, իրադարձությունների մասին: Նման թեմաների շուրջ երեխաներն անընդհատ կարող են գրել՝ ներկայացնելով դրանք  պատումների, նամակների, երկխոսությունների, ինչպես նաև՝ հայտարարությունների  ու շնորհավորանքների, տեղեկատվական նյութերի տեսքով։ 

 Հորինելու   գործընթաց
   Երեխաների միտքն ու երևակայությունն անսահման են, հորինած պատմությունները՝ հետաքրքիր ու անսովոր: Կարևոր է, որ երեխան կարողանա սեփական միտքը ձևակերպել՝ գտնել համապատասխան բառեր, արտահայտություններ, ապա գրանցել, իսկ հետո՝ ներկայացնել: Երեխաները պակաս հետաքրքրությամբ չեն լսում իրենց հասակակիցների հորինած պատմություններն ու հեքիաթները: Երեխաներին հասակակիցների ստեղծագործություններն ավելի են հետաքրքրում ու զարմացնում, ծիծաղեցնում ու ոգևորում: Հորինած պատմությունը գրելուց հետո երեխան այն ներկայացնում է՝ կարդում, նկարում, պատրաստում իր հեքիաթի էլեկտրոնային նկարազարդ էջը, աուդիո տարբերակը, ներկայացումը (հերոսն էլ ինքն է, իր ընկերները, ընտանիքի անդամները) հեքիաթի հիման վրա պատրաստած մուլտֆիլմը, որի հերոսներին նույնպես պատրաստել է սեփական ձեռքերով (պատրաստել գունավոր թղթով, կտորով, ձեռնոցով, կավով կամ պլաստիլինով): Մյուս երեխաները հետաքրքրությամբ լսում են, հարցեր տալիս հենց հեղինակին, համոզում ավարտը փոխել, նոր հերոս ներմուծել սյուժե և այլն:

Նամակներ
   Երեխաները շատ են սիրում նամակներ գրել ոչ միայն ծանոթ մարդկանց, այլև հեքիաթի հերոսին, կերպարին, ամենաանսպասելի մեկին: Նամակի բովանդակությունն էլ կարող է լինել տարբեր: Նամակներում երեխաները շատ են սիրում խոստովանություններ անել, արտահայտել իրենց հույզերը` սեր, զարմանք, բողոք, պահանջ, խնդրանք: Նամակները կարող են լինել խորհուրդ տալու կամ հրավիրելու, բարկանալու կամ ոգևորելու համար: Երեխաների երևակայությունն «ազատելը»   և ստեղծագործական միտքը զարգացնելը կրտսեր դպրոցի կարևոր խնդիրներից են: Այդ խնդիրները լուծելու համար առաջարկում ենք կարդալ և գործնականում կիրառել հայտնի մանկագիր, մանկավարժ Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականություն» աշխատությունը:  Աշխատությունը միտված է երեխայի ստեղծագործական երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը, ազատ  հաղորդակցվելու, տեսածը, լսածը անկաշկանդ փոխանցելու հմտությունների  զարգացմանը:

Առաջին դասարան

Առաջին դասարանցուն ներկայացվող պահանջներն են.

  • պատմել իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին,
  • բացատրել, մեկնաբանել ծանոթ բառերը (իմաստային տեսանկյունից),
  • պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը,
  • բնութագրել, նկարագրել հերոսներին,
  • վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, նրանց կատարած արարքների վերաբերյալ,
  • հիմնավորել սեփական կարծիքը,
  • թվարկել պատմության, հեքիաթի դեպքերն ըստ հերթականության,
  • նոր ավարտ մտածել հեքիաթի, պատմության համար ,
  • նկարագրել ծանոթ   առարկաները, երևույթները,
  • պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին:

Կարևորվում է երևակայական, ստեղծագործական մտածողության զարգացումը, որն իր արտացոլումն է գտնում բանավոր և գրավոր աշխատանքներում.

  • ծանոթ բառերը միացնելով` նոր, անսպասելի բառեր ստանալ և բացատրել,
  • փոփոխել ծանոթ հեքիաթների սյուժեն.

ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ,

բ) փոփոխել իրադարձությունները,

գ) փոփոխել սկիզբը, ավարտը,

դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել.

  • հորինել նոր, երևակայական հերոսներ,
  • հորինել հանելուկներ, շուտասելուկներ:

Առաջին դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա.

  • կարդալ և հասկանալ 2-5 նախադասությամբ տեքստը,
  • գտնել և ընդգծել  տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը,
  • գտնել  տեքստի վերաբերյալ հարցի   պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը,
  • հորինել և գրել (մուտքագրել)  3-4 նախադասությունից կազմված պատմություն,
  • գրել   շնորհավորանքներ և համառոտ նամակներ,
  • 1-2 նախադասությամբ ավարտել կիսատ թողած միտքը,
  • նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով,
  • հատուկ անունները (անձնանուններ,  ազգանուններ, ստեղծագործություններ, տեղանուններ) գրել մեծատառով։

Երկրորդ դասարան

Երկրորդ դասարանումկարևորվում են  ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքում նոր բառերի, արտահայտությունների ներմուծումը, միտքն ավելի գեղեցիկ, պատկերավոր և հասկանալի ներկայացնելու, սեփական կարծիքը հիմնավորելու,  դիմացինին լսելու և հարցադրումներ անելու կարողությունների ձևավորումը: Երկրորդ դասարանում բանավոր պատումներից բացի  սովորողը սկսում է պատմել նաև գրավոր:

Երկրորդ  դասարանցուն ներկայացվող պահանջներն են.

  • պատմել կարողանալ իր, ընտանիքի, ընկերների, օրվա և նախասիրությունների մասին` հաղորդելով կոնկրետ տվյալներ,
  • մի քանի բառով նկարագրել և բնութագրել իրեն և մյուսներին,
  • խոսքի մեջ օգտագործել ծանոթ բառերի հոմանիշներն ու հականիշները,
  • պատմել լսած հեքիաթը, պատմությունը, տեսած ֆիլմը, մուլտֆիլմը` համապատասխան մեջբերումներ անելով,
  • բնութագրել, նկարագրել հերոսներին` օգտագործելով նոր բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ
  • պատասխանել ծանոթ ստեղծագործությանը վերաբերող հարցերին, պատասխանը հիմնավորել,
  • վերաբերմունք, կարծիք արտահայտել հեքիաթի, հերոսների, մարդկանց, արարքների վերաբերյալ,
  • հիմնավորել  սեփական կարծիքը,
  • հարցադրումներ անել, կարծիք  արտահայտել  տեսածի, լսածի, կարդացածի  վերաբերյալ,
  • բարդ բառեր կազմել`միացնելով մի քանի անսպասելի բառեր և բացատրել դրանց իմաստը,  
  • փոփոխել ծանոթ հեքիաթների սյուժեն.

ա) ավելացնել կամ պակասեցնել հերոսներ,

բ) փոփոխել իրադարձությունները,

գ) փոփոխել սկիզբը, ավարտը,

դ) տարբեր հեքիաթների հերոսներով նոր հեքիաթ հորինել.

  • հորինել նոր, երևակայական հերոսներ, նկարագրել, բնութագրել նրանց,
  • փոփոխել ծանոթ առած- ասացվածքները` դրանց բաղադրիչները միացնելով իրար,
  • հորինել հանելուկներ, շուտասելուկներ, առած-ասացվածքներ, պատմություններ,
  • ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը,  
  • առաջարկել   նոր  վերնագիր :

Երկրորդ դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա.

  • կարդալ և հասկանալ տեքստը,
  • տեքստում անծանոթ, անհասկանալի բառերը գտնել, ընդգծել և բացատրել,
  • տեքստի վերաբերյալ հարցի իր պատասխանը հիմնավորող բառը, բառակապակցությունը, նախադասությունը, միտքը, հատվածը գտնել, ներկայացնել,
  • 3-5 նախադասությամբ տեղեկատվական նյութ պատրաստել որևէ իրադարձության մասին, որին մասնակից է եղել կամ ականատես,
  • նամակներ, շնորհավորանքներ, հրավերներ գրել,
  • 3-5 նախադասությունից կազմված տեքստ գրել (միտքը ձևակերպել, գրառել  հորինած պատմությունը, նկարագրական շարադրությունը),
  • նախադասությունն սկսել մեծատառով, ավարտել վերջակետով,
  • օժանդակ բայերը ճիշտ գրել (ներկա, անցյալ, ապառնի  ժամանակներ),
  • հատուկ անունները գրել մեծատառով,
  • խոսքի մեջ անընդհատ գործածվող բառերը ճիշտ գրել։

Երրորդ դասարան

Երրորդ դասարանում  ավելանում է   ինքնուրույն աշխատելու պահանջը, ինչի ընթացքում սովորողը, կատարելով լեզվական    «հայտնագործություններ»,  ձեռք   է բերում  նոր հմտություններ` դառնալով ավելի գրագետ: Դրան մեծապես նպաստում են ուսումնական բլոգ վարելը, իր՝ հիմնականում գրավոր (նաև` բանավոր) խոսքը խմբագրելուն ու շտկելուն ուղղված աշխատանքները:

Երրորդ   դասարանցուն ներկայացվող պահանջներն են.

  • ներկայանալ (անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար, բնութագրել իրեն, նկարագրել, ներկայացնել նախասիրությունները և այլն ),
  • նկարագրել իր միջավայրը, մարդկանց, շրջապատող աշխարհը,  նյութերը,
  • կարծիք հայտնել   տեսածի, լսածի, իր հետ կատարվածի վերաբերյալ ,
  • պատմել բնության երևույթների մասին, նկարագրել դրանք,
  • բանավոր ներկայացնել կատարած բնագիտական և այլ փորձերը,
  • հարցեր մշակել, հարցազրույց վարել,
  • խմբի հետ պատմություններ  հորինել, շարունակել, լրացնել  ընկերների հորինածը,
  • հորինել և բլոգում հրապարակել ասելուկներ, հանելուկներ և պատմություններ,
  • ստեղծագործաբար մշակել տրված հեքիաթը կամ պատմությունը (ռոդարիական հնարքների կիրառում),
  • կարդալ առաջադրանքը, հասկանալ պահանջը և կատարել,
  • կարդալ տեքստը(նվազագույնը՝  մեկ էջ), հասկանալ, պատասխանել հարցերին,
  • գտնել ծանոթ, անծանոթ  բառերի հոմանիշներն ու հականիշները,
  • խմբավորել տրված բառերն ըստ հատկանիշների,
  • կազմել բարդ և ածանցավոր բառեր,
  • գտնել փոխաբերական իմաստ ունեցող բառերը,
  • 4-5 նախադասությամբ կապակցված խոսք կառուցել,
  • ելնելով սեփական  փորձից` դատողություններ անել կարդացածի վերաբերյալ,
  • տեղեկատվական, լրատվական համառոտ նյութեր պատրաստել և հրապարակել  բլոգում,
  • շնորհավորական բացիկներ, հրավիրատոմսեր պատրաստել, նամակներ գրել,

Երրորդ դասարանն ավարտող սովորողը պիտի կարողանա`

  • բանավոր և գրավոր հստակ, հասկանալի արտահայտել մտքերը,
  • կարդալ (մտքում և բարձրաձայն) և հասկանալ կարդացածը,
  • գրավոր և բանավոր,  համառոտ  և ընդարձակ  ներկայացնել  կարդացածը,
  • մեկ-երկու նախադասությամբ բնութագրել ստեղծագործության կերպարներին և  հիմնավորել իր կարծիքը,
  • գրածը խմբագրել` դուրս թողնելով ավելորդ բառերը, շտկել տրամաբանորեն, շարադասորեն   սխալ կազմված նախադասությունը,
  • հասկանալ և գործածել այն բառերը, որոնց իմաստը բացատրված է տեքստում,
  • ստեղծագործել տարբեր ժանրերով՝ հանելուկ, շուտասելուկ,  հեքիաթ, պատմություն և այլն ,
  • օգտվելով տեղեկատվական աղբյուրներից` (համացանց, օնլայն բառարան, բառարան,  գրքեր, լրատվամիջոցներ) բլոգում հրապարակել  տեղեկատվական նյութ  կատարված իրադարձության, դեպքի, միջոցառման, ուսումնական ճամփորդության և այլնի մասին,
  • հարցաշար կազմել և հարցազրույց վարել,
  • տեքստը վերարտադրել տարբեր դեմքերով (հերոսների, իր, հեղինակի, անտեղյակ կամ լավատեղյակ մեկի  անունից),
  • թվարկել հերոսներին, նկարագրել և բնութագրել նրանց,
  • մեկնաբանել, այլ բառով փոխարինել հանդիպած արտահայտությունները, բառերը, բառակապակցություններն ու դարձվածքները,
  • կազմել բովանդակալի, տրամաբանական, գրագետ գրավոր խոսք (նախադասության սկիզբ, ավարտ, ուղղագրական և կետադրական տարրական կանոններ),

Գնահատում

Կարևոր է, երբ կատարած աշխատանքը, գործադրած ջանքերը գնահատվում են: Գնահատականը պիտի ոգևորի սովորողին և առաջ մղի: Դասարանական բլոգում բոլոր սովորողներն ունեն անհատական էջեր, իսկ երրորդ դասարանից սկսած՝ անհատական բլոգներ, որտեղ հրապարակվում են իրենց կողմից ստեղծված ուսումնական նյութերը, կատարված աշխատանքները:  Դասարանական, անհատական բլոգների օգնությամբ սովորողները  հնարավորություն ունեն  կարդալու  ընկերոջ ստեղծագործությունը, որի արդյունքում ծավալում  են առցանց քննարկումներ, որոնց  մասնակցելու հնարավորություն է ունենում յուրաքանչյուրը:
Սովորողի կատարած աշխատանքների ներկայացումը, ամփոփումը դասարանական բլոգում, դպրոցի ենթակայքում,  կայքում գնահատման յուրօրինակ ձև է:

Սովորողի գնահատումը արձանագրվում է զարգացման թերթիկում (աճի բնութագիր), որը    բաղկացած է չորս ուսումնական շրջաններից։ Աճի բնութագրում արձանագրվում են սովորողի գիտելիքները, հմտությունները, կարողությունները, սոցիալականացումը, մասնակցությունը կրթահամալիրային նախագծերին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին։ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s