Հեղինակայինը «Իմացումի հրճվանքի» ծրագրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։

Կրթահամալիրի կրտսեր դպրոցները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝դպրոց) կազմում․

Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, անընդհատ կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն, սոցիալապես ակտիվ անհատի ձևավորումն է:

Ծրագիրն իրականացվում է ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝դասարանական օրացույցի հիման վրա: Դասարանական օրացույցը կրթահամալիրի ուսումնական օրացույցի հավելվածն է: Այն կազմում է դասարանի ղեկավարը՝դասվարը կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան ուսումնական նախագծերով։

Դասարանական բլոգըմեդիագրադարանը, դպրոց-պարտեզների ենթակայքերը, կրթահամալիրի կայքը, ուսումնական այլ կայքեր սովորողին ապահովում են անհրաժեշտ ուսումնական նյութերով, միջոցներով:

Ուսումնական տարին կազմված է ուսուցման չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ։

Ուսումնական շաբաթը հնգօրյա է։ Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել ուսումնական-հասարակական-ճամփորդական նախագծեր։

Ուսումնական պարապմունքները կազմակերպվում են առկա, հեռավար, առցանց-ընտանեկան ձևերով:

Ուսումնական գործընթացի կազմակերպման միջավայր, միջոցներ

Նյութական միջավայր

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Դասարան-լաբորատորիա

Դասարան-լաբորատորիան օդափոխվող, ընդարձակ, լուսավոր սրահ է, որտեղ ուսումնական գործունեությունն ապահովելու համար առկա են համակարգիչ, ուժեղացուցիչ, պրոեկտոր կամ հեռուստացույց, անհրաժեշտ քանակի վարդակներ, երկարացման լարեր։ Գույքը՝ թեթև, շարժական, անվտանգ։ Դասարան-լաբորատորիայում առկա է սանհանգույց, լվացարան,  հանդերձարան, կախիչներ, անհատական պահարաններ սովորողների համար։

Բակ-պարտեզ, բացօթյա տանիքներ

Բակ-պարտեզում, բաց տանիքներում սովորողն անցկացնում է իր առօրյան։ Բացօթյա տարածքներում մարզվում են, նկարում, քննարկումներ անցկացնում, շախմատ, դոմինո, լոտո, սեղանի խաղեր են խաղում, ամռային ճամբարի ժամանակ՝ լողում բացօթյա լողավազանում, խնամում են կանաչապատ տարածքը։

Երաժշտության լաբորատորիա

Երաժշտական գործունեությունն իրականացվում է երաժշտության լաբորատորիայում, որը լուսավոր, ընդարձակ տարածք է։ Ազգային երգերն ու պարերն ուսուցանվում են հարվածային, երաժշտական նվագարաններով, դաշնամուրով։

Կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզության սրահ

Մարմնամարզության սրահը մշտապես օդափոխվող, մարզական գույքով հագեցած ուսումնական տարածք է։ Սովորողը սրահ է մտնում բացառապես մարզական հագուստով, գուլպաներով (մասիկներով)։ Մարզագորգը, թեթև, փափուկ, շարժական ներքնակներն ու մարզագույքը՝ օղակներ, ցատկապարաններ, գնդակներ, սովորողն օգտագործում է խնամքով և կոկիկ։

Արտասահման, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Կրթահամալիրի Հյուսիսային դպոցում գտնվող ARTասահմանում, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում կազմակերպվում է սովորողների տեխնոլոգիական գործունեությունը։ Կազմակերպվում են վարպետության պարապմունքներ, ցուցահանդեսներ-ցուցադրություններ՝ սովորողների, կրթական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արտասահմանում միշտ խաղաղ, ստեղծագործ միջավայր է։

Ագարակ

Ուսումնական Ագարակում սովորողները ծանոթանում են Ագարակի բնակիչներին, մասնակցում են կենդանիների, թռչունների խնամքի աշխատանքներին, զբաղվում են երկրագործությամբ, ձիավարությամբ։

Արևմուտքի փակ լողավազան

Կրթահամալիրի Արևմտյան դպրոցի փակ լողավազանը հագեցած է լողի պարապմունք անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով։ Այնտեղ սովորողները օգտվում են հանդերձարանից, ինքնուրույն զգեստափոխվում են, ցնցուղ են ընդունում և մարզչի հրահանգներին հետևելով լողավազան են մտնում։

Բուսաբուծության լաբորատորիա

Կրթահամալիրի Քոլեջում գտնվող բուսաբուծության լաբորատորիան ընդարձակ սրահ է՝ նոր, թարմ, հետաքրքիր լուծումներով։ Կան տարատեսակ բույսեր,  կենդանիներ, որոնց խնամքով զբաղվում են սովորողների խմբերը։

Մեդիագործիքներ, մեդիամիջավայր

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործընթացի յուրաքանչյուր մասնակից (դասվար, սովորող) ուսումնական պարապմունքին ներկայանում է տեխնիկական պահանջներին բավարարող անհատական թվային միջոցով (նոթբուք-նեթբուք-պլանշետ): Պահանջները ներկայացված են ելնելով կրթական գործընթացի ընթացքում գործածվող սարքավորումներից, ծրագրերից և լուծվող խնդիրներից։ Ուսումնական միջավայրում հասանելի է ինտերնետ կապը։

Էլեկտրոնային անձնական հասցեն վարելը, դասավանդողի բլոգին, կրթահամալիրի կայքին, դպրոցի ենթակայքին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, սովորողի ուսումնական աշխատանքն է:

Էլեկտրոնային փոստ` outlook համակարգում

Էլեկտրոնային փոստի միջոցով է ապահովվում ամենօրյա-անընդհատ առցանց կապը սովորողի (ընտանեկան դպրոցի) հետ, տեղեկատվության փոխանցումը, բացակա սովորողների առցանց ներգրավվումը ուսումնական գործընթացին։

Ուսումնական պարապմունքներից հետո դասավանդողը դասարանական խմբի էլեկտրոնային փոստին ուղարկում է օրվա գործունեության մասին պատումը, որում համառոտ նկարագրում է օրվա կատարած աշխատանքը և հետագա անելիքները։ Փոստի միջոցով է ապահովում նաև հետադարձ կապը՝սովորողն էլ ուսուցչին է ուղարկում իր աշխատանքները։

Ուսումնական բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է ուսումնական բլոգներով։ Բլոգային ուսուցումն ամրագրված է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններում, ծրագրի սովորողի ուսումնառության պայմանագրում։

Դասավանդողի կամ դասարանական բլոգը ուսումնական նյութերի վիրտուալ պահոց է։ Այնտեղ են հավաքվում ուսումնական գործունեության համար անհրաժեշտ և ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը (աշխատանքային փաթեթներ, տեսանյութեր, աուդիոնյութեր)։

Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Դասավանդողն ու սովորողն են ընտրում, որ հարթակում (wordpress, edublogs) բլոգ բացել և վարել։

Որպես բաց տարածք՝ ուսումնական բլոգը տեսանելի է և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ ուսուցչին, և՛ բոլոր-բոլորին, ինչն էլ տեսանելի է դարձնում սովորողի աճը, զարգացումը:

Բլոգը նաև առցանց ուսուցման, կրթական ցանցի տարածման արդյունավետ գործիք է, փորձի փոխանակման բաց հարթակ է։

Ուսուցման կազմակերպման բաղադրիչներ

Ծրագրի առանձնահատկություններից մեկն էլ ինտեգրված, անառարկայական ուսուցման կազմակերպումն է։

Ուսումնական օրը սկսվում է 15 րոպեանոց ընդհանուր պարապմունքով։ Ուսումնական պարապմունքներն ընդմիջվում են 5 րոպեանոց մարզական դադարներով։

Ուսուցումը կազմակերպվում է առարկայական բաղադրիչների ինտեգրումով։

Գնահատում

Ըստ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարգի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում գնահատումը գնահատանիշով չի իրականացվում: Այն  ապահովում է սովորողների և դասավանդողների զարգացումը, ինքնակրթության խթանումը, ոգևորությունը:

Սովորողի գնահատումը արձանագրվում է զարգացման թերթիկում (աճի բնութագիր), որը նույնպես բաղկացած է չորս ուսումնական շրջաններից։ Աճի բնութագրում արձանագրվում են սովորողի գիտելիքները, հմտությունները, կարողությունները, սոցիալականացումը, մասնակցությունը կրթահամալիրային նախագծերին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին։ Փաստաթուղթը լրացնում են դասվարը, դասարանում աշխատող առարկայական ուսուցիչները։ Աճի բնութագիրը տեղադրվում է դպրոցի էլ․ հարթակում՝ Onedrive-ում,  և էլ․հասցեով այն անհատապես ուղարկվում է յուրաքանչյուր ծնողի։ Ծնողն ուսումնասիրում է բնութագիրը, հարցերի կամ խնդիրների դեպքում, քննարկում այն լրացնողների հետ։

Ուսումնական շրջանների ընթացքում սովորողը մասնակցում է դասարանական, կրթահամալիրյան նախագծերին, միջոցառումներին, ծեսերին, առարկայական  ֆլեշմոբերին, փառատոնային ճամբարներին, ստուգատեսներին, ուսումնական ճամփորդություններին, ընտանեկան նախագծեր է իրականացնում,  որոնց գնահատումը նույնպես իրականացվում է սովորողի զարգացման բնութագրում։

Երրորդ դասարանից սկսած սովորողներն ունեն իրենց անձնական մեդիատարածքները՝ ուսումնական բլոգները, որտեղ ցուցադրված են սովորողների ամենօրյա աշխատանքները, որոնցում արտացոլվում են նրանց խոսքային, ստեղծական հմտություններն ու կարողությունները, առարկայական գիտելիքները, ընտրությամբ գործունեությունը, նախասիրություններն ու ճաշակը, լրացուցիչ կրթությունը, ինքնակրթությունը։ Բլոգում պարզ երևում է նաև սովորողի զարգացման ընթացքը։ Բլոգների ամենօրյա այցելուներն են սովորողների ընկերները, ծնողներն ու դասավանդողները։

Բլոգային աշխատանքները գնահատվում են նաև կարծիքներ բաժնում մեկնաբանություններ թողնելով, դասարանում աշխատանքների քննարկումով, լավագույն աշխատանքների թողարկումով՝ mskh.am կրթահամալիրի կայքում։

Առաջին, երկրորդ դասարանների ավարտին սովորողների գնահատումն իրականացվում է նաև «Ես կարողանում եմ» նախագծի միջոցով։ Նախագիծն ուղղված է սովորողների կարողությունների ցուցադրմանը, որը ներկայացվում է տեսաֆիլմերի, ռադիոնյութերի ձևով։

Երրորդ դասարանի ավարտին սովորողները մասնակցում են «Ելքի» ստուգատեսին։  Բլոգներում սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները բոլոր առարկաներից, ներկայացնում տարեկան հաշվետվություն։ Ներքին բլոգային  ուսումնասիրության արդյունքում գնահատվում են սովորողների տարեկան աշխատանքներն  ու արդյունքները։

Մշակումը՝ Մանուշակ Աբրահամյանի, Կարինե Մամիկոնյանի, Մերի Գրիգորյանի և Լուսինե Գասպարյանի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s