5 տարեկանների ընթերցարան․ հեքիաթներ

ՈՎ ԱՇԽԱՏԻ, ՆԱ ԿՈՒՏԻ (ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ)

Մի տնակում ապրում էին մուկիկը, ծիտիկը և հավիկը:

Մի օր քուջուջ անելիս հավիկը մի հատիկ գտավ ու կանչեց.

— Հատիկ եմ գտե~լ, հատիկ եմ գտե~լ: Ո՞վ կտանի աղալու:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Ի՞նչ աներ հավիկը: Հատիկը ջրաղաց տարավ, աղաց:

— Ալյուրն ո՞վ տուն կտանի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց ծիտիկը:

— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:

Հավիկը ալյուրը շալակեց, տուն տարավ:

— Ո՞վ խմոր կանի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Հավիկը խմոր հունցեց:

— Թոնիրը ո՞վ կվառի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց ծիտիկը:

— Ես էլ` չէ, — ասաց մուկիկը:

Հավիկը թոնիրը վառեց:

— Հացն ո՞վ կթխի, — հարցրեց հավիկը:

— Ես` չէ, — ասաց մուկիկը:

— Ես էլ` չէ, — ասաց ծիտիկը:

Հավիկը հացը թխեց, դրեց սեղանին:

— Հացն ո՞վ կուտի, — հարցրեց հավիկը:

— Ես, — գոչեց ծիտիկը և մոտեցավ սեղանին:

— Ես, — գոչեց մուկիկը և մոտեղցավ սեղանին:

Հավիկը նրանց սեղանից հեռացրեց և ինքը մենակ կերավ հացը:

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։
— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։
— Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։
— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ ձամաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտաո։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
— Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,— մտածեց աղվեսն ու վազեց։
— Բարի՛ լույս, սանամեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
— Գնում ենք աշխարհ տեսնելու,— պատասխանեց աքլորը։
— Օ՜, ինչ լավ բան եք մտածել,— խոսեց աղվեսը։— Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
— Ես համաձայն եմ,— ասավ աքլորը.— տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ՝ գնանք։
— Ո՞րտեղ է ընկերդ։
— Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի, էս էլ իմ ճաշը»,— մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
— Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի՛ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,— ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

ԵՐԿԻՆՔԸ ՓՈՒԼ Է ԳԱԼԻՍ

Լինում է, չի լինում` մի Ճստիկ- ճուտիկ:
Էս Ճստիկ-ճուտիկը մի օր ծածուկ մտնում է դրացու պարտեզը, որ քուջուջ անի: Մեկ էլ հանկարծ թփից մի վարդ է պոկվում, ընկնում է պոչին: Ճստիկ- ճուտիկը վախեցծ դուրս է փախչում: Վազում է վազում, հասնում է Հավիկ-Մարիկին:
– Վայ, Հավիկ-Մարիկ,- կանչում է հետևից,- երկինքը փուլ է գալիս:
– Այ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հավիկ- մարիկը:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, արի փախչենք,- ասում է Հավիկ- Մարիկը:
Վազում են, վազում, հասնում են Բադիկ- Տատիկին:
– Վա~յ, Բադիկ-Տատիկ,- կանչում է Հավիկ-Մարիկը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ-ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Սագիկ-Խաթունը:
Վազում են, վազում, հասնում են Հնդու-Թնդուին:
– Վա~յ, Հնդու-Թնդու,- կանչում է Սագիկ-Խաթունը,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Հնդու-Թնդուն:
– Բադիկ-Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Հավիկ-Մարիկն է ասում:
– Ա՛յ Հավիկ-Մարիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ-Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ–Ճուտիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտորն էլ դեռ պոչիս ընկավ:
– Դե, եկեք փախչենք,- ասում է Հնդու-Թնդուն:
Վազում են, վազում, հասնում են Աղա-Աղվեսին:
– Աղա-Աղվես, Աղա-Աղվես,- կանչում է Հնդու-Թնդուն,- երկինքը փուլ է գալիս:
– Ա՛յ Հնդու-Թնդու, էդ որտեղի՞ց իմացար,- հարցնում է Աղա- Աղվեսը:
– Սագիկ-Խաթունն է ասում:
– Ա՛յ Սագիկ-Խաթուն, էդ որտեղի՞ց իմացար:
– Բադիկ–Տատիկն է ասում:
– Ա՛յ Բադիկ-Տատիկ, էդ որտեղի՞ց իմացար:
– Ճստիկ- Ճուտիկն է ասում:
– Ա՛յ Ճստիկ-Ճուտիկ, էդ  որտեղի՞ց իմացար:
– Օ~, ես իմ աչքով տեսա, իմ ականջով լսեցի, մի կտոր էլ դեռ պոչիս ընկավ:
– Էդ ի՞նչ եք ասում,- ասում է Աղա-Աղվեսը,– եկեք ձեզ տանեմ իմ տուն, որ երկինքը  ձեր գլխին փուլ չգա:
Ճստիկ-Ճուտիկը, Հավիկ- Մարիկը, Բադիկ-Տատիկը, Սագիկ-Խաթունը, Հնդու-Թնդուն բոլորը միասին ընկնում ենԱղա –Աղվեսի ետևից և մտնում են նրա որջը:
Մտնում են նրա որջը ու էն մտնելն էր, որ մինչև էսօր էլ դեռ  դուրս չեն եկել:

ԾԻՏԸ

Լինում է, չի լինում մի ծիտ:
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում: Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի: Ասում է՝
-Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում:
Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ:
Պառավն ասում է.
-Փուշը թոնիրն եմ գցել:
Ծիտը կանգնում է, թե՝
-Իմ փուշը ետ տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ:
Պառավը մի լոշ է տալի: Ծիտը լոշն առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում: Ասում է.
-Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում: Ա’յ, լոշը ա’ռ, կաթնի մեջ բրդի’, կե’ր, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ է գալի, թե՝ լոշս տուր:
Հովիվն ասում է.
-Կերա:
-Չէ,-ասում է,- իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ դուրս թռչեմ:
Հովիվը ճարահատած մի գառն է տալի: Առնում է թռչում:
Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն:
Ասում է. -Ի՞նչ եք մոլորել: Ա’յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի, թե՝ իմ գառը տվեք:
Ասում են.- Մորթել ենք կերել, որտեղի՞ց տանք:
Սա կանգնում է, թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ:
Ու հարսին առնում է թռչում:
Գնում է, գնում. գնում է տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է:
Ասում է.- Աշուղ ախպեր, առ էս հարսին պահի քեզ մոտ: Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ:
Գնում է, ետ գալի աշուղի առաջը կտրում, թե՝ իմ հարսը ինձ տուր:
Աշուղը ասում է.- Հարսը գնաց իրենց տուն:
Սա թե՝ չէ, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ դուրս թռչեմ:
Աշուղը սազը տալիս է իրեն:
Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում ածել ու ճտվտալով երգել.
Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծիվ, ծիվ:
Մեկ էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնաց, հեքիաթն էլ վերջացավ:

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի:
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։ Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ.

— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Կովն ասում է.— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։— Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Արտն ասում է.— Դե գնա ինձ համար ջուր բեր։Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։— Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։Աղբյուրն ասում է.— Դե գնա կուժ բեր։Աղվեսը գնում է աղջկա մոտ։— Աղջի՛կ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։Աղջիկն ասում է.— Դե գնա ուլունք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

— Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է.

— Դե գնա ինձ համար ձու բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա. կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ շուր տա. ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա. խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա. կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է.

— Դե գնա ինձ համար կուտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ. հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկն ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում:

ՈՒԼԻԿԸ1Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

2Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դըռնակը բա՛ց, ներս գամ ես, 
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում․

— Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի․․․ Գնա՛․․․ Չեմ ուզում քեզ․․․։

Ու գայլը հեռանում է, գնում։

3Գալիս է մայրը, դուռը ծեծում․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ–անուշ ծիծ տամ քեզ․
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում․

— Գիտե՞ս, մայրիկ, ի՛նչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՜ր։ Էնպե՜ս վախեցա՜, էնպե՜ս վախեցա՜․․․ Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛․․․

— Պա՛ պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՜նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։ — Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ՝ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

 

Ղ․ Աղայան՝ Երկու այծ
Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի
գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Ղ․ Աղայան՝ Երկու ձագիկ
Երկու փոքրիկ ձագիկ մի ծղնոտ գտան` հասկը վրան:
Հասկում շատ հատիկներ կային: Ձագիկները բռնեցին ծղնոտի ծայրից և սկսեցին քաշել
մեկը իր կողմը, մյուսը` իր: Ծղնոտը կտրվեց և ձագուկները վայր թափվեցին ոտնիվեր: Գող
ծիտը վրա հասավ և հասկը ճանկեց ու թռավ:

Ղ․ Աղայան՝ Մանկական հեքիաթ

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի,
փայտ չգտա: Վերջը գտա մի քեթուկ/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով,
դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քեթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես. — Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես.- Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն
եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:

 

Ղ․ Աղայան՝ Արևի հրամանը
Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.
-Դե, սիրուն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:
Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.
-Զարթեցեք ծաղիկներ, զարթեցեք թռչնիկներ: Եվ զարթեցին բոլոր ծաղիկները,
թռչնիկները:
«Ես պիտի երգեմ, — ասաց արտույտը:
«Ես պիտի ծաղկեմ, — ասաց վարդը:
«Իսկ ես ի՞նչ պիտի անեմ, — ասաց մութ ամպիկը. – չջրե՞մ երկիրը:
Արևը պատասխանեց.
-Թող երգի արտույտը, թող բացվի վարդը. իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա:
Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթեցին և սկսեցին արևի երգը:

Ղ․ Աղայան՝ Մեղուն ու հավը
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ:

 

Դ․ Բիսեթ՝ ԱՆՁՐԵՎԸ

Երկնքով երկու ամպիկ էին լողում: Մեկի անունը Վտվտիկ էր, մյուսինը՝ Կտկտիկ: Նրանք ապրում էին երկնքում: Ամբողջ օրն իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
– Վտվտի՛կ, – մի անգամ ասաց Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք ցած իջան և թրջեցին գետինը: Մարդիկ սկսեցին դժգոհել:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթացին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
— Ձանձրացրեց այս անձրևը:
-Է՜, եթե մենք նրանց դուր չենք գալիս, արի գնանք այստեղից,- հուսահատվեց Կտկտիկը:
-Թռանք,-համաձայնեց Վտվտիկը:
Նրանք թռան, գնացին: Անձրևը դադարեց: Արևը փայլեց: Բոլորը գոհ էին:
-Հիանալի եղանակ է,- ուրախանում էին բոլորը: Արևն ամեն օր փայլում էր, շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի կաթիլ անձրև չթափվեց: Խոտերը դեղնեցին և չորացան, ծաղիկները` թոռոմեցին: Ցամաքեցին առուներն ու վտակները: Կովերն առանց խոտ մնացին, սկսեցին կաթ չտալ: Պաղպաղակ պատրաստողը չէր կարողանում կաթ գնել, որպեսզի պաղպաղակ պատրաստեր: Երեխաներն առանց պաղպաղակ մնացին և լաց եղան: Կովերն էլ լաց եղան, բադիկներն էլ, ձիերն էլ, շներն էլ, կատուներն էլ, մայրիկներն էլ, հայրիկներն էլ…

Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք, ասաց ՌՌՌ վագրը:-Բոլորը պետք է իրենց անձրևապաշտպան բաճկոները հագնեն, անձրևանոցները վերցնեն և զբոսանքի գնան: Այդպես էլ արեցին: Մարդիկ  հագան բաճկոնները, բացեցին անձրևանոցները և դուրս եկան փողոց:
Այդ տեսնելով՝ ամպերը շատ զարմացան:

-Ինչո՞ւ են նրանք  բաճկոնները հագել:
-Ինչո՞ւ են  անձրևանոցները բացել:
– Իջնենք, տեսնենք ի՞նչ է եղել:
Նրանք ներքև իջնան, ու նորից հորդ անձրև եկավ:
– Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախացան բոլորը:
– Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ էին` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:


Դ․ Բիսեթ՝  ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ,ՆԵՐԵՑԵՔՆ ՈՒ ԽՆԴՐԵՄԸ

Մի օր Խնդրեմն ու Շնորհակալությունը հանդիպեցին, և ամեն մեկն սկսեց դժգոհել իր բախտից:
– Ոչ մեկը մեզ չի գնահատում և չի հարգում:
Այդ ժամանակ նրանց է միանում Ներեցեքը:
-Ներեցեք, որտե±ղ է արդարությունը, մյուս բոլոր բառերն հանգիստ ապրում են, իսկ մենք անդադար աշխատում ենք: Մեզ միշտ հիշում են՝ է՛լ շնորհակալություն, է՛լ խնդրեմ, է՛լ ներեցեք,  նույնիսկ չեն թողնում հանգիստ քնենք :
– Շնորհակալություն, բայց արդարություն չկա,- համաձայնեց Շնորհակալությունը,- մեր փողոցում մի կին է ապրում: Նա իր աղջկան միշտ ասում է՝ ասա ° շնորհակալություն , ասա՛ շնորհակալություն…
Հաստատ գիտեմ՝ մինչև մեծանալը աղջիկը կմոռանա, թե ինչ է «շնորհակալությունը»:
– Ես էլ եմ նույն վիճակում,- հոգոց է հանում Խնդրեմը,- ավտոբուսում, փողոցում միայն լսում ես` փոխանցեք խնդրեմ, մեկ տոմս խնդրեմ: Իհարկե, ես հասկանում եմ, դա քաղաքավարություն է, բայց բոլորովին ուժերս հատել են:
Խնդրեմը խոսելով հետ- հետ գնաց, որպեսզի նստի, բայց պատահմամբ կանգնեց Շնորհակալության մեջքին:
– Վա՜յ, ների՛ր ինձ:
-Հիմա էլ՝ դու °,- բարկացավ Ներեցեքը,- չե՞ս կարող առանց ինձ յոլա գնալ:
– Ների °ր, ես պարտավոր էի ներողություն խնդրել:
– Նորի՞ց, չէ պետք է մի բան անել: Եկեք մի շաբաթով գնանք ծով հանգստանալու: Կլողանաք, կխաղանք և՝ ոչ մի աշխատանք: Թող մեկ շաբաթ մարդիկ առանց մեզ դիմանան: Այդպես էլ արեցին: Իսկ երբ վերադարձան, նույնիսկ ուրախացան, լսելով` ինչպես են բոլորը անդադար կրկնում իրենց անունները:
Եվ կարևորը` նրանք արդեն տեղին էին օգտագործում այդ բառերը, երբ ուզում էին, որ իրենց ներեն, ասում էին` ՙներեցեք, երբ ուզում էին շնորհակալություն հայտնել, ասում էին՝ շնորհակալ եմ, իսկ երբ ուզում էին քաղաքավարի լինել, ասում էին՝ խնդրեմ: Ընկերներն այժմ նույնիսկ գիրք կարդալու ժամանակ ունեին և ամեն տարի մեկ շաբաթով գնում էին ծով  հանգստանալու:

Դ․ Բիսեթ՝ ՄՈՌԱՑՎԱԾ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Կար չկար՝ աշխարհում մի մեծ փիղ կար։ Նա ապրում էր Ուիփսնեյդյան կենդանաբանական այգում իր կնոջ ու ձագի հետ, որի անունը Յալմար էր։

Փիղ֊հայրիկը շատ մեծ էր։ Փիղ֊մայրիկն էլ էր մեծ։ Եվ նույնիսկ Յալմարին ոչ ոք չէր կարող ասել, թե փոքր է։ Փղերը փոքրիկ չեն լինում։ Մի գեղեցիկ օր էլ Փիղ֊մայրիկը եւ Փիղ֊ձագուկը տեսան, որ Փիղ֊հայրիկը կանգնած է գլխի վրա։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Փիղ֊մայրիկը։

— Ուզում եմ մի բան հիշել,— պատասխանեց Փիղ֊հայրիկը։

— Ի՞նչ ես ուզում հիշել։

— Եթե իմանայի,— պատասխանեց Փիղ֊հայրիկը, այսպես չէի տանջվի։ Ճի՞շտ է, թանկագինս։

— Յալմար,— ասաց Փիղ֊մայրիկը։— Շուտ վազիր ու գտիր այն, ինչ մոռացել է հայրիկը։

Ու Յալմարը վազեց նախ ճանապարհով, հետո բարձրացավ բամբուկների պուրակի մոտի բլրակը ու նստեց մի քիչ շունչ առնելու եւ նայելու համար, թե ինչպես են ամպերը երկնքում բռնոցի խաղում։

Հանկարծ նրա ականջով ընկավ ինչ֊որ մեկի լացի ձայնը։ Լալիս էին շատ մոտիկ մի տեղ, թեեւ Յալմարը չէր տեսնում, թե ով է։

Ուստի նա ասաց․

— Մի լա… Ուզո՞ւմ ես, օգնեմ քեզ։

Լացը դադարեց։

— Դու ո՞վ ես,— հարցրեց Յալմարը։

— Մոռացված ծննդյան օրը։ Եվ չգիտեմ, թե ումն եմ։

— Վա՛յ,— ասաց Յալմարը։— Ա՜յ քեզ բան։ Իսկ տոնական տորթ ունե՞ս։

— Իհարկե։ Առանց տորթի՝ ի՞նչ ծննդյան օր։ Իմ տորթի վրա վեց հատ մոմ կա։ Ուրեմն, այսօր լրանում է ինչ֊որ մեկի վեց տարին։

«Ինչ լավ է, երբ վեց տարեկան ես,— մտածեց Յալմարը։— Շատ լավ է։ Գրեթե այնքան լավ, որքան՝ յոթը։ Հինգ տարին էլ վատ չէ, այսինքն՝ չորսն էլ՝ ոչինչ։ Բայց եթե ութ տարեկան ես… երբ ութ տարեկան ես, ուրեմն, արդեն կիսով չափ մեծահասակ ես։ Բայց, թերեւս, ամենից լավն այն է, երբ վեց տարեկան ես»։

— Ափսո՜ս, շա՛տ ափսոս,— ասաց նա։— Բայց քեզ օգնել չեմ կարող։ Ես ուղղակի չգիտեմ, թե ով է մոռացել իր ծննդյան օրը։

Ու Յալմարը տուն շտապեց։ Երբ ներս մտավ, Փիղ֊հայրիկը արդեն ոչ թե գլխի վրա էր կանգնած, այլ սեղանի մոտ նստած՝ ճաշում էր։

— Հիշեցի,— ասաց Փիղ֊հայրիկը։— Ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր լինելու, կամ վաղը, կամ այսօր։ Այդպես էլ գիտեի։

— Ի՞նչը այսօր,— հարցրեց Յալմարը։

— Որ այսօր քո ծննդյան օրն է,— ասաց Փիղ֊մայրիկը, մտնելով սենյակ։— Այսօր դու լրացրիր քո վեց տարին։

Յալմարը շատ հուզվեց ու ետ վազեց դեպի բամբուկների պուրակի մոտ գտնվող բլրակը։

— Լսիր,— գոչեց նա։— Պարզվում է, որ դու Ի Մ ծննդյան օրն ես։ Այսօր լրանում է իմ վեց տարին։

— Հու֊ռա,— գոչեց մոռացված ծննդյան օրը։— Հուռա, հուռա, հուռա։

Երեկոյան թեյելիս, Յալմարը մի տոնական տորթ ստացավ՝ վրան էլ վեց մոմ։ Նա կնճիթը ձգեց ու միանգամից փչեց֊մարեց բոլոր մոմերը։

«Ինչ լա՜վ է,— մտածեց նա։— Շատ լավ է, երբ վեց տարեկան ես»։

Դ․ Բիսեթ՝ ՊԱՀՄՏՈՑԻ

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետեւում, մերթ ծխնելույզների ետեւում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչեւ Լուսինն անշտապ ու գողունի մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետեւում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արեւը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արեւի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետեւում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվեցը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արեւն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արեւն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արեւի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետեւից, վազում էին նույնիսկ կովերի ետեւից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ եւ նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արեւը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արեւը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչեւ տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արեւն անցավ թուխպի ետեւը եւ հաշվեց մինչեւ տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետեւում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արեւը։

Եվ Արեւը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետեւ Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը։— այլեւս դուրս չեմ գա։

Ու այլեւս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ֊մութ է։

Դ․ Բիսեթ՝ ԵՐԿՈՒ ԱԼԻՔ

Ծովում երկու ալիքներ էին ապրում, մեկը՝  մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, իսկ փոքրինը` Փոքր:
Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:
Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափի մոտերքում: Փոքրը լողափին տեսավ մի տղայի, որի ձեռքին պաղպաղակ կար:
— Ես ել եմ պաղպաղակ ուզում, — ասաց նա:
— Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:
Փոքրը, պաղպաղակը ուտելուց հետո, հարցրեց.
— Իսկ հիմա ի՞նչ  ենք անելու:
— Նայի՛ր այս քառաժայռերին և կտեսնես:
Մեծ ալիքը փքվեց, դարձավ քառաժայռից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո նա թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:
—Օգնեցե˜ք, — գոչեց նա:
Այդ պահին անցնում էր Միրանդա բադը: Նա կանգնեց և հարցրեց:
— Ի՞նչ է պատահել:
— Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ;
— Ո՛չ: Ես քեզ չեմ օգնի, – ասաց Միրանդան: — Դու բոլորին վատություն ես անում:
Հանկարծ Միրանդան լսեց, որ մեկը քարաժայռերի մյուս կողմում լալիս է:
Շրջվեց ու տեսավ` Փոքր ալիքն է:

Ջ․ Ռոդարի՝  Շղթա
      Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ:  Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա   այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:

 

Ջ․ Ռոդարի՝ Շփոթպապը
Կար-չկար մի աղջիկ  կար: Նրա անունը Դեղին Գլխարկ էր:
_ Չէ՜, ԿարմիրԳլխարկ…
_ Հա՛, ճիշտ որ, Կարմիր Գլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_ Դե չէ՛, պապի՛կ, կարմի՜ր, կարմի՛ր գլխարկ:
_Վա՜յ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և կարտոֆիլի կճեպներ  տար նրան:
_ Չէ՛, գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան:
_ Դե լավ: Աղջիկը գնում է, գնում, հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_ Է՜… պապի՛կ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս, ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_ Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարցնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.
_ Ո՞ւր ես գնում, Կարմիր գլխարկ
_ Դու ճիշտ ես, թոռնի’կս: Իսկ սև գլխարկը պատասխանում է.
_ Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կար-միր…
_ Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա՝ տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
_ Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_ Ի՞նչ ձի: Գայլ էր, չէ՞:
_ Իհակե, գայլ էր: Դե հա,  գայլն ասում է.
_ Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի՛ տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_ Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու, մեկ է, առ ինձ համար:
_ Համաձայն եմ. ահա քեզ մի սոլդո. շուտ վազի՛ր, գնի՛ր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

Ջ․ Ռոդարի՝ Ալիսագլորիկը
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով: 

Ջ․ Ռոդարի՝ Շոկոլադե ճանապարհը
Բառլետտա քաղաքում երեք եղբայրներ էին ապրում: Մի անգամ նրանց բախտը բերեց: Ոչ մեկին բախտը դեռ այդպես չէր ժպտացել, և ով գիտե, էլ այդպիսի բան կլինի՞, թե՞ ոչ:
 Մի օր նրանք զբոսնում էին քաղաքից դուրս և մի տարօրինակ ճանապարհ տեսան. հարթ, փայլուն և ամբողջովին շագանակագույն:
_ Հետաքրքիր է, ինչի՞ց է պատրաստված այս ճանապարհը,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց հաստատ տախտակներից չէ,- ասաց միջնեկ եղբայրը:
_ Ասվալտի նման չէ,-ավելացրեց փոքր եղբայրը:
Գուշակում էին նրանք, գուշակում, հետո ծնկի իջան և լպստեցին ճանապարհը:  Պարզվեց՝ ճանապարհը ամբողջովին շոկոլադե սալիկներից էր պատրաստված: Եղբայրներն իրենց չկորցրին և սկսեցին ուտել: Կտոր-կտոր կերան-կերան, մեկ էլ ըհը՝ մութն ընկավ: Իսկ նրանք դեռ ուտում ու ուտում էին: Կերան ամբողջ ճանապարհը: Ոչ մի կտոր չթողեցին: Կարծես՝ ոչ ճանապարհ էր եղել, ոչ էլ շոկոլադ:
_ Էս ո՞ւր ենք հասել,-զարմացավ մեծ եղբայրը:
_ Չգիտեմ, բայց սա Բառին չէ,- պատասխանեց միջնեկ եղբայրը:
_ Իհարկե մենք Մոլետտեում էլ չենք,-ավելացրեց փոքր եղբայրը:
Մոլորվեցին եղբայրները:  Ի՛նչ անեն, ի՛նչ չանեն: Իրենց բախտից մի գյուղացու հանդիպեցին, նա իր սայլակով հանդից էր գալիս:
_ Եկեք ձեզ տուն տանեմ,- ասաց գյուղացին և տարավ եղբայրներին Բառլետտա՝ ուղիղ իրենց տան մոտ:
Տղաները իջան սայլակից և տեսան, որ սայլակն էլ թխվածքաբլիթներից է պատրաստված: Շատ ուրախացան և, առանց երկար-բարակ մտածելու, սկսեցին ագահորեն ուտել այն: Սայլակից ոչինչ չմնաց, նույնիսկ անիվները կերան:

Ջ․ Ռոդարի՝ Պաղպաղակե դղյակը 
Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մի պաղպաղակե դղյակ էր հայտնվել: Է՛, պաղպաղակե դղյակ… ո՛վ չի ուզի այն լպստել… Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան, որ մի քիչ  լպստեն: Մեծերն էլ եկան: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր: Մի փոքր տղա սկսեց լպստել սեղանի ոտքը: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու իրենք իրենց հոսում էին:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:
_ Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:-Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները: Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Դրանից հետո երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
_ Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանայիր:

Ջ․ Ռոդարի՝ Կատուներ ուտող մուկը
Մի նիհար մկնիկ կար: Ապրում էր գրադարանում: Մի օր էս մկնիկը որոշում է իր ընկերներին հյուր գնալ: Ընկերներն ապրում էին նկուղում ու շատ հեռու էին   աշխարհից:
_ Դուք գաղափար չունեք, թե ինչ է կատարվում աշխարհում,-ասում է նա իր վախեցած հարազատներին,-դուք երևի նույնիսկ կարդալ չգիտեք:
_ Ինչ անենք, փոխարենը դու շատ բան գիտես,-հոգոց հանելով՝ ասում են մկները:
_ Դե, ասենք, դուք  կյանքում գոնե մի անգամ կատու կերե՞լ եք:
_ Ի՜նչ ես ասում: Աստված չանի: Այստեղ կատուներն են մկներ  որսում:
_ Դա նրանից է, որ դուք անշնորհք եք: Ես իմ կյանքի ընթացքում քանի՜ կատու եմ կերել: Հավատացնում եմ ձեզ, նրանցից և ոչ մեկը նույնիսկ ծպտուն չի հանել:
_ Եվ ի՞նչ, կատուները համե՞ղ են:
_  Համեղ են: Պարզապես մի քիչ թղթի և տպագրական ներկի համ է գալիս: Բայց դրանք դատարկ բաներ են: Գոնե շուն փորձե՞լ եք:
_ Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում:
_ Ես հենց երեկ մեկին կերա: Օվչարկա: Նա բավականին լուրջ ճանկեր ուներ, բայց դա կարևոր չէ, նա շատ հանգիստ, առանց ծպտուն հանելու, թողեց, որ իրեն  ուտեմ:
_ Նա էլ էր համե՞ղ:
_ Շա՜տ: Պարզապես սա էլ մի քիչ թղթային համ ուներ: Իսկ ռնգեղջյուր չե՞ք կերել:
_ Էս ի՜նչ է ասում:Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ տեսք ունի նա, ինչի է ավելի շատ նման՝ պարմիզանակա՞ն, թե՞ հոլանդական պանրի:
_ Իհարկե, նման է ռնգեղջյուրի: Իսկ փիղ կամ արքայադուստր կամ տոնածա՞ռ, երևի բախտներդ չի բերել, չեք կերել:
Այդ պահին կատուն, որը թաքնվել էր անկյունում դրված ճամպրուկների ետևում, սարսափելի մլավոցով թռչում է նկուղի ճիշտ կենտրոնը: Դա ամենաիրական կենդանի մեծ կատու էր՝ փարթամ բեղերով և երկար ճանկերով:
Մկները մեկ վայրկյանում մտնում են իրենց բները: Իսկ գրադարանային մուկը, տեսնելով կատվին, այնպես է զարմանում, որ քարանում է տեղում, ասես խաղալիք լինի: Կատուն թաթով խփում է նրան  և սկսում խաղալ հետը:
_ Ա՜, այդ դու ես այն մուկը, որ կատուներ է ուտում:
_ Ես եմ, ձերդ պայծառափայլություն… Դուք պետք է հասկանաք ինձ… Ախր ես գրքերի մեջ եմ ապրում…
_ Այո, իհարկե, հասկանում եմ, հասկանո՜ւմ եմ: Դու կատու ես ուտում, թղթի վրա նկարված, տպված  կատու…
_ Մեկ-մեկ, և այն էլ գիտական նպատակներով…
_  Իհարկե: Ես էլ եմ գրականություն սիրում… Իսկ դու չե՞ս կարծում, որ կարելի է կյանքից էլ մի քիչ սովորել: Դու չգիտե՞ս, որ ոչ բոլոր կատուներն են թղթից, և ոչ բոլոր ռնգեղջյուրներն են թողնում իրենց կրծել:
Խեղճ գերուհու բախտից կատուն մի պահ շեղվեց, քիչ հեռու նա սարդ տեսավ, և գիտնական մուկը մի քանի վայրկյանում հայտնվեց իր գրքերի մոտ: Կատուն ստիպված գոհացավ սարդով: 

Ջ․ Ռոդարի՝ Ոչ մի բանից մարդուկը
Կար չկար ոչ մի բանից մարդուկ կար: Ոչ մի բանից մարդո՞ւկ: Այո՛, նրա քիթն էլ էր ոչ մի բանից, բերանն էլ: Հագին բա՜ն չկար, կոշիկներն էլ ոչ մի բանից էին: Մի օր մարդուկը քայլում է ճամփով, որ ոչ մի տեղ չէր տանում, և հանդիպում է ոչ մի բանից մկնիկի:
_ Լսի՜ր, – ասում է մարդուկը,- դու կատուներից չե՞ս վախենում:
_ Ո՜չ, ֊ պատասխանում է մկնիկը: ֊_ Այս երկրում կատուներն էլ են ոչ մի բանից, նրանց բեղերն էլ, ճանկերն էլ: Իսկ ես պանիր եմ սիրում: Ես ուտում եմ միայն անցքերը: Ճիշտ է, նրանք հոտ չունեն, բայց քաղցր են:
_Վա՜յ, գլուխս պտտվեց,- ասում է ոչ մի բանից մարդուկը:
_ Եթե նույնիսկ գլուխդ պատին տաս, ոչ մի բան էլ չի լինի:
Մարդուկը որոշում է փորձել: Մի պատ է գտնում, որ գլուխը պատին տա: Բայց տես ինչ դուրս եկավ՝ պատն էլ էր ոչ մի բանից: Եվ քանի որ մարդուկը ուժեղ էր թափ առել, խփելիս անցնում է պատի մյուս կողմը: Այնտեղ ոչի՜նչ չկար: Մարդուկն այնքան հոգնեց այդքան ոչ մի բանից, որ քնեց:
Երազում տեսավ՝ իբր ինքը ոչ մի բանից մարդուկ է, քայլում է ոչ մի տեղ չտանող ճանա­պարհով, հանդիպում ոչ մի բանից մկնիկի:
Երազում մարդուկը նույնիսկ պանրի անցքեր կերավ: Ճիշտ էր ասում մկնիկը՝ այդ անցքերը իսկապես հոտ չունեին և քաղցր էին:

Ջ․ Ռոդարի՝ Թարս հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:
Ասենք, գալիս էր ու հարցնում.
_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:
_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ տմբտմբացնում էին գլուխները և հեռանում:
Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:
Կամ թե՝
_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:
Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները… ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:
Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա   նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:
Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Ջ․ Ռոդարի՝ Գրքից փախած մկնիկը
Մկնիկն ամբողջ կյանքում ապրել էր բարակ, էժանագին գրքույկում, որի մեջ նկարներով փոքրիկ պատմություններ կային: Մկնիկը շատ էր ձանձրացել և մի օր որոշեց փոխել բնակա­րանը, գտնել այնպիսի տուն, որի թուղթը բանի պետք լիներ, գոնե նրանից պանրի հոտ գար; Նա հավաքեց ուժերը ու, որ չթռա՜վ, հայտնվեց իրական կյանքում՝ իսկական մկների մոտ:
_ Սքաուշ,-շատ վախեցավ մկնիկը, նա կատվի հոտ էր առել:
_ Ի՞նչ ասաց սա,- զարմացան կողքի մկները, որ ոչ մի բան չէին հասկացել նրա ասածից:
_ Սփլում, բախ փլում,-ասաց մկնիկը: Խեղճը միայն իր գրքի կենդանիների լեզվով էր խո­սում:
_ Երևի ուրիշ երկրից է եկել,-ասաց մի թոշակառու մուկ, որը երկար ժամանակ մի մեծ նավի վրա էր ծառայել:
Նա փորձեց անգլերեն խոսել նորեկի հետ: Մկնիկը ոչինչ չհասկացավ ու ասաց.
_ Սիխի փնիշ, բրոիք:
_ Ո՜չ, սա անգլիացի չէ,-ասաց «նավաստին»:
_ Բա ո՞վ է նա, որտեղի՞ց է հայտնվել:
_ Դե արի ու գլուխ հանիր, թե ով է:
Ու խեղճ մկնիկի անունը դրեցին Արի ու գլուխ հանիր:
Մկները միշտ խաղում էին նրա հոգու հետ, ձեռ առնում.
_ Լսիր, ա՛յ Արի գլուխ հանիր, դու ինչպիսի՞ պանիր ես սիրում՝ բրի՞նձ, թե՞ թել:
_ Սփլինգ, քրոն սիսիցաիր,-պատասխանում էր գրքի մկնիկը:
_Դե լավ, բարի գիշեր,-ծիծաղում էին մկները: Իսկ ամենափոքրերը քաշում էին նրա պոչը, որ բարկացնեն նրան ու վրան ծիծաղեն:
_ Սոոնգ, սփլաշ սքուափ:
Մի անգամ մկները ջրաղաց գնացին, որտեղ պարկե­րով ալյուր կար: Նրանք ծակեցին պարկերը և սկսեցին ալյուր խժռել: Լսվում էր մկների ատամների համերաշխ խրթխրթոցը.
_ Խըրթ, խըրթ, խըրթ:
Գիտե՞ք՝ ուտելիս բոլոր մկները այդպիսի ձայն են հանում: Բայց, տե՛ս, որ գրքի մկնիկի ատամների ձայնն էլ էր տարբերվում մյուսների ատամների ձայնից:
_ Քրեք, սքրեք, սրեք:
_ Լսիր, գոնե մկնավարի ուտել սովորիր,-փնթփնթում էր «նավաստի» մուկը:-Եթե դու նավի  վրա լինեիր, քեզ վաղուց ծովը նետած կլինեին: Ախր քո չփչփոցը զզվելի է:
_ Քրենգ,-պատասխանեց մկնիկը ու կրկին մտավ պարկի մեջ՝ ալյուր ուտելու: «Նավաստին» նշան արեց, ու բոլորը սուս ու փուս հեռացան ջրաղացից, գրքի մկնիկին թողեցին բախտի քմահաճույքին: Նրանք համոզված էին, որ սա չի գտնի տունդարձի ճանապար­հը: Իսկ մկնիկը, էշի ականջում քնած, շարունակում էր ալյուր խժռել: Երբ նկատեց, որ մենակ է մնացել, արդեն շատ էր մութ, ինչպե՞ս տուն գնար: Մկնիկը որոշեց գիշերել ջրաղացում: Նա արդեն ննջում էր, երբ մթության մեջ երկու դեղին կրակ փայլեց, լսվեց չորքոտանի որսորդի ոտքերի թփթփոցը. դա կատուն էր:
_Սքաշուշ,-սարսափած ծվաց մկնիկը:
_ Գրագրան,-պատասխանեց կատուն:
Պարզվում է, որ նա էլ էր գրքից: Սովորական կատուները նրան դուրս էին արել, որովհետև նա չէր կարողանում սովորական «մյաու» ասել: Վտարված մուկն ու կատուն երդվեցին երբեք չբաժանվել: Ամբողջ գիշեր նրանք զրուցում էին իրենց գրքային լեզվով ու շատ լավ էլ հասկանում էին իրար:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s